Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած՝ սահմանների միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հստակ պահանջում են ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչպիսի՞ն է ՌԴ-ի դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Մենք հիմք ենք ընդունում այն, որ նման իրավիճակները պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել դրան:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամը, օրեր առաջ հայտարարել էր, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել: Թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, ռուսական կողմը չի մանրամասնում: Ալիևի՝ Հայաստանին ուղղված պահանջի վերաբերյալ՝ ճանաչել Արցախը ադրբեջանական, ռուսական արտաքին գերատեսչությունը պատասխանում է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար, Զախարովայի խոսքով, անհրաժեշտ է կատարել մի շարք կարևոր քայլեր, որոնց համար լրացուցիչ ջանքեր են հարկավոր:
Մարիա Զախարովա - Քայլերի թվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան։ Հակամարտությունից տուժած շրջաններում ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում և պաշտպանություն, ուղիղ շփումների խրախուսում և հակամարտությունից տուժած համայնքների միջև համագործակցություն, մարդկանց միջև վստահության միջոցների ամրապնդում:
Համանախագահ Երևանին և Բաքվին բոլոր երեք երկրները կոչ են արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո:
Մարիա Զախարովա - Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները մնում են էական, մասնավորապես՝ կարգավիճակի հարցում: 2020 թվականի պատերազմից հետո երկու երկրներն էլ գտնվում են ազգային երկխոսության և փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբին:
Ըստ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: