Խորհրդարանում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են բանակցություններն ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս հանելու մասով:
Կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և, ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը՝ Սև լճից դեպի Բիչենեկ՝ ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դրա պատճառով է որոշում կայացվել դիմել ՀԱՊԿ:
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են, որ Հայաստանին հորդորել են չգնալ այս իրավիճակի ռազմական հանգուցալուծման ճանապարհով: Հետևաբար ՀԱՊԿ-ում Հայաստանը ոչ թե որպես խնդրարկու է հանդես գալիս, այլ դա մի գործիք է, որն այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակում գործարկելու համար»,- նշեց Փաշինյանը:
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում՝ նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ, չնայած դրան՝ շարունակելու են հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:
«Այն նախնական մտահղացումը, որ, իմ կարծիքով, ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ չեզոքացված չեմ համարում: Եվ պետք է մեր գործընկերները դրա վերաբերյալ հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն»,- նշեց Փաշինյանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը առաջին օրվանից քննարկման առարկա եղել է ու կա՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ:
«Երբեք չենք բացառել ու չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է ժողովրդին բաց, հրապարակային ասել վերջին 3, 4, 5, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: «Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում: Ես անգամ թույլատրելիից մի փոքր ավելի ինֆորմացիա եմ տվել: Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել, կարող է իմ հրապարակած փաստերը գրառել ու հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը: