Հունիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed)։
Կայս Սաիդը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում։
Նախորդ օրը դեսպան Փոլադյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և սփյուռքի հարցերով նախարար Օսման Ջերանդիին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Թունիսի միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը տնտեսական, գիտակրթական, մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարներին։
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։