Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումից բոլորը կշահեն, դա տնտեսության ազատականացման կարևոր բաղադրիչներից է, վստահ է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Կարծում է, որ 30 տարի Հայաստանը նահանջել է, և հիմա պետք է տնտեսության զարգացումը ներդաշնակեցնենք հարևանների հետ, այնպես որ, թե՛ տալու, թե՛ օգտվելու հնարավորություն ունենանք:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Մենք չպետք է վախենանք, որովհետև մենք տեսանք այս փակ զարգացման արդյունքն ու հետևանքը, որն այս 30 տարիների զարգացումն էր: Հիշում եք՝ եկան քաղաքական գործիչներ, որ ասում էին՝ հեսա կտեսնեք, թե ինչ կանենք, բայց տեսանք, որ ոչինչ չարեցին: Հիշեցնեմ, որ Քոչարյանի կարգախոսն էր, ինվեստիցիաներ կլինեն և այլն, բայց ոչինչ չեղավ:
Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ շրջափակում նշանակում է ներմուծման, արտահանման սահմանափակում, ավել ծախսեր, ինքնարժեքի բարձր գին: Հիշեցնում է, որ պատմության մեջ շատ պատերազմներ եղել են շուկաների համար:
Արմեն Քթոյան (Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ) - Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի պատերազմական գործողությունների հիմքում շուկաներ բացելու պահանջն էր, այսինքն՝ պատերազմները հաճախ վարվել են շուկայից օգտվելու համար, ինչն իր հետ բերում է ազդեցության այլ լծակներ: Իսկ մեզ կտա նոր շուկաներ, ապրանքաշրջանառության նոր հնարավորություն:
Պետք է գնալ ապաշրջափակման ճանապարհով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի. Բագրատ Ասատրյանը հիշեցնում է՝ պատերազմի ժամանակ Հայաստանը մատակարարման ուղի չուներ:
Բագրատ Ասատրյան - Այո՛, մենք պետք է գնանք ու ձեռք մեկնենք և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, սա բանալին է, մենք ՌԴ-ի հետ դաշնակից ենք, բայց ՌԴ-ի հետ ճանապարհ չունենք: Հասկանում եմ, որ պատերազմը մեզնից շատ բան խլեց, բայց պետք է վճռականություն ունենանք, սա ՀՀ-ի համար նոր շանս է, չօգտվենք՝ դատապարտված ենք այս վիճակի մեջ մնալ:
Արմեն Քթոյանը տնտեսական զարգացման խոչընդոտ է համարում հարևանների հետ թշնամանքը: Բայց ոչ հիմա, ոչ էլ մոտ ապագայում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն, ըստ նրա, իրատեսական չեն:
Արմեն Քթոյան - Քաղաքականությունից բխում է տնտեսությունը, հետո քաղաքականությունը ինքը դառնում է տնտեսության շարունակություն, հիմա չենք կարող հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերություն կառուցել առանց քաղաքականության, սրանք սերտաճած են, թշնամանքի մթոլորտը լուրջ խնդիրներ է ստեղծում:
Մասնագետների կարծիքով՝ Հայաստանն ապաշրջափակման դեպքում կարող է տարածաշրջանում տնտեսական նոր ասելիք ունենալ, եթե հաշվի առնենք նաև ընդերքի չիրացված ներուժը:
Հեղինակ՝ Անի Օհանյան