Այն մարդկանց, որոնք հույս ունեն վերականգնելու հին ավանդույթները, խորհուրդ չեմ տա, քանի որ չեմ կարծում, որ ապագա համաներումները ընտրակաշառքի գործերի վրա տարածվելու են: Ընտրակաշառք բաժանելու լուրերի վերաբերյալ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրակաշառքի մասին խոստումն արդեն քրեական հանցագործություն է և ծանր պատասխանատվություն է ենթադրում:
«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց մասին նրանք չեն կռահում: Կարող եք հանգիստ լինել, որ անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն»,- վստահեցրեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իշխանությունը և ընդդիմության մի հատվածը իրար չեն կասկածում ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ այս հարցում իրենք համագործակցելու սահմանափակում չունեն: «Եթե այս փոխվստահության մթնոլորտը պահենք, վստահ եղեք՝ որևէ այդպիսի մեխանիզմ չի կարող գործել: Կոչ եմ անում հրապարակային համագործակցել այս հարցում և արդյունքներ արձանագրել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: