ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը: Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:
«Ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը: Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել:
Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ի՛նչ մարտավարություն են որդեգրել: Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարությունյանը հորդորեց լրատվամիջոցներին չտարածել այդ կեղծ տեղեկությունները: