Չի բացառվում՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմի պայմանագրի 4-րդ հոդվածով՝ կառույցի անդամ երկիրը ագրեսիայից պաշտպանելու համար: Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց՝ գործընկերները Հայաստանին կոչ են արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Երևանն ակնկալում է, որ կլինի պայմանագրերով նախատեսված աջակցությունը:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ չեմ բացառում, որ կհասնենք 4-րդ հոդվածին և ոչ միայն:
Ադրբեջանական զինծառայողների ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, անթույլատրելի է, նշեց պատգամավորը: Խնդիրն առկա է՝ հավելեց Ռուբինյանը՝ շեշտելով նաև՝ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է: Ռուբինյանը նաև վստահեցրեց՝ այդ հատվածներում օպերատիվ իրավիճակը հայ զինվորների վերահսկողության տակ է:
Ռուբեն Ռուբինյան - Հայկական կողմի դիրքորոշումը եղել է շատ հստակ. այն պայմաններում, երբ ադրբեջանցի զինծառայողներն են ներխուժել Հայաստանի սահմաններից ներս, այդ փաստաթուղթը չի կարող քննարկվել և ստորագրվել: Խոսակցությունը կարող է տեղի ունենալ միայն, երբ զինծառայողները կվերադառնան ելման դիրքեր:
Ի սկզբանե ստեղծված իրավիճակին հայկական կողմի գնահատականն էր՝ սա արվում է մեծ էսկալացիա ստեղծելու, լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով: Հայկական կողմն այդ պահին չսրեց իրավիճակը, որոշեց խնդրի լուծմանը հասնել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով, դիմել ՀԱՊԿ-ին:
Ռուբեն Ռուբինյան - Ունենք գործընթաց, որը, այո՛, չի ընթանում այն արագությամբ, արդյունավետությամբ, որ կուզեինք տեսնել: Մենք պիտի գործենք հաշվարկելով, վստահ եմ, որ իրավիճակը պետք է փոխվի, կհաջողվի մեզ: Գարնանը, երբ սկսվել է ձնհալ, երկու կողմերից չեն եղել ֆիքսված, կահավորված դիրքեր: Ինչ հնարավոր է՝ արվում է:
Ադրբեջանը և Թուրքիան գնում են լարվածության գեներացման, որը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Արման Աբովյան (ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար) - Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ Ռուսաստանը շարժվում են հիմնական դերակատարի տեսլականի ներքո, Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, եթե մեզ թվում է՝ ՀԱՊԿ-ը դա չի հասկանում, մենք սխալվում ենք:
Պատգամավորի խոսքով՝ տեղի է ունենում տարածաշրջանային խաղ, որում Հայաստանը չպետք է լինի լոկ դիտորդ կամ քաղաքական միավոր: