Եվրախորհրդարանի բանաձևը՝ գերիների վերադարձի վերաբերյալ, բացարձակ մեծամասնության կողմ քվեարկությանն արժանացավ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
«Բանաձևում առանցքային հարցեր կան, որոնք համահունչ են ՀՀ դիրքորոշմանը: Վերջին օրերին իրավիճակի սրումը կարող է տպավորություն ստեղծել, որ գերիների վերադարձի խնդիրը ստվերում է մնացել: Կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է»,- նշեց Այվազյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես միջազգային կոնսենսուս կա այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև Կառավարությունը որոշել է ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով հասցեագրել:
«Կարծում եմ՝ պահը կգա, որ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային ճնշումը՝ սկսած մարդասիրական բնույթի հարցերից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքներ ներթափանցելու իր փորձը և դուրս գալուց հրաժարվելը: Շարունակելու ենք շատ հետևողականորեն և նպատակաուղղված այս հարցը առաջ տանել: Հակառակ պարագայում՝ Ադրբեջանը կարող է առճակատվել շատ ավելի լուրջ հետևանքների»,- նշեց արտգործնախարարի պաշտոնակատարը: