ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ կազմակերպությունը ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը, խորհրդակցությունների անցկացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է РИА Новости-ն:
Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների հանդիպմանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև կատարել սահմանագծում և սահմանազատում՝ պետական սահմանի այդ հատվածում:
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, ասել է, որ հայկական կողմը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել դա: Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում՝ հավելելով, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել հարցի վերաբերյալ:
Մայիսի 14-ին Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով անհապաղ ակտիվացնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և Սյունիքում «անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքի» վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար: Ռահմոնը հանձնարարել էր անցկացնել համապատասխան խորհրդակցություններ: