Հայաստանում է Իրանի արտգործնախարարը: Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին անդրադառնալով՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերների հետ խոշոր ծրագրեր կան:
«Առաջինը Պարսից ծոց - Սև ծով ծրագիրն է: Նիստերից մեկը տեղի ունեցավ 1-2 ամիս առաջ, և հաջորդ նիստը տեղի է ունենալու Բուլղարիայում: Դա ենթակառուցվածքային ծրագիր է, որն ապահովելու է Պարսից ծոցի և Սև ծովի կապը և բեռնափոխադրումների դյուրին ընթացքը:
Երկրորդ ծրագիրը էներգետիկ ոլորտում է. մենք այս պահի դրությամբ իրականացնում ենք բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները Իրանի հետ և ունենք գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագիր իրանական կողմի հետ: Այս փուլում նաև բանակցվում է այդ համաձայնագրի երկարացման հարցը:
Իրականում այս խոշոր ծրագրերին ի հավելումն նաև որոշ չափով աճում է մեր առևտրաշրջանառությունը, իսկ ստեղծված պայմաններում երկուստեք մենք կարևորում ենք տվյալ նախագծերի առաջխաղացումը և հնարավոր ավելի արագ ընթացքը»,- ասաց Ավինյանը: