20 նոր մարդատար վագոններ Ռուսաստանի երկաթուղին մատակարարում է դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն»։ «Տվերի վագոնաշինական գործարանից» ընկերության արտադրած այս վագոնները Հայաստան կուղևորվեն հանդիսավոր շնորհանդեսից անմիջապես հետո։
11 կուպե, 6 պլացկարտ, 3 ՍՎ վագոններ՝ արդիական բոլոր միտումներին համապատասխան, ձևավորումից սկսած՝ վերջացրած տեխնիկական հարցերով, հայկական կողմի պահանջներին համապատասխան, մաս առ մաս հավաքվել է այստեղ: Գործարանի 64 մոդելների ցանկում նորարարություններից է։
Ռոման Սերժանով (Տվերի վագոնաշինական գործարանի վագոնաշինական արտադրամասի պետի պաշտոնակատար) - Վագոնը 20-19 մոդելային շարքից է։ Մենք հիմա «մաստեր» կոչվող վագոնում ենք։ Այստեղ կա կառավարման վահանակ, սա ուղեկցողների վագոնն է, երկրորդում սպասարկման գոտին է։ Յուրաքանչյուրում կա լոգարան, զուգարան, wi fi, տեսահսկման համակարգ, անհատական լեդ լուսավորում, վարդակներ, հեռուստացույց։
«Ռուսական երկաթուղիներն» ամբողջությամբ կթարմացնի Հայաստանում մարդատար վագոնները՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ մարտի սկզբին ստորագրված պայմանագրի հիման վրա:
Ալեքսանդր Լաշմանով («Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ) - Վագոնների առումով նախորդ սերիայից տարբերվող նորությունների մեջ լոգարանի առկայությունն է։ Սա գործնականում առաջին անգամ է կիրառվում զանգվածային սերիայում: Ամբողջ սանիտարական սարքավորումները սենսորային են: Վագոններն իրար միացված են հերմետիկ անցուղիներով։
Երկաթուղու շարժակազմի թարմացման հարցը հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման երկարաժամկետ ծրագրի մասն է։ Տեսակապով միջոցառմանը միացած Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ հայ-ռուսական համագործակցությունը նոր բաղադրիչով է հարստանում։
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Համոզված եմ, որ ամենամոտ ժամանակում Հայաստանի քաղաքացիները կկարողանան արժանիորեն գնահատել ռուսական տրանսպորտային մեքենաշինության ձեռքբերումները, իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» տրամադրած ծառայությունների մակարդակը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում կզարգանա նոր հեռանկարային նախագծերով:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենը, Եվրասիական զարգացման բանկի տնօրենն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանը շրջայցով ծանոթանում են վագոններին, այնուհետև ճանապարհում Հայաստան: Ռուսական կողմը ձգտում է, որ Հայաստանում ուղևորափոխադրման պայմանները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին, և կշարունակի աջակցել հայ-ռուսական սերտ, դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, նշեց Օվերչուկը։
Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Շատ կարևոր էր ցույց տալ, որ մենք ներդրում ենք կատարում: Մենք ձգտում ենք, որ Հայաստանում ուղևորափոխադրման պայմանները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին և ստանդարտներին, լինեն հարմարավետ և մարդիկ օգտվելուց հիշեն մեր լավ, բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների մասին, մենք կշարունակենք ամեն կերպ պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:
Տվեր-Երևան երթուղին ընթացք է վերցնում դեպի Հայաստան։
Օլեգ Բելոզյորով («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ) - Մենք ընդլայնում ենք համագործակցությունը, ճշտում ենք կոնցեսիոն համաձայնագիրը, քանի որ ժամանակի հետ նոր պահանջներ են ի հայտ գալիս:
Ծրագրի իրագործման համար Եվրասիական զարգացման բանկը տրամադրել է 1,2 մլրդ ռուբլի վարկ: Առաջին խմբաքանակը տեղ կհասնի մոտ երկու շաբաթից, կսպասարկի արտաքին ուղևորափոխադրումներ դեպի Վրաստան։ Հաջորդ խմբաքանակը՝ ևս 7 վագոն, կճանապարհվի մինչև հունիսի վերջ: