Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում նա պատասխանել է «Լուրերի» թղթակցի հարցերին։ Հարցերի շրջանակը ներառում էր՝ ղարաբաղյան հակամարտությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որի հետևանքով երեկ՝ մայիսի 25-ին, հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող։ Հարցերից մեկը վերաբերում էր նաև նրան, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող ճգնաժամը, հայտարարել էր, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն չէր նշել՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը: Թղթակիցն անդրադարձել է նաև Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է ճանաչելու Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
«Ձեր հարցերը փոխկապակցված են․ եթե թույլ տաք, դրանց ընդգրկուն պատասխան կտամ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղվում են բացառապես ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության մեջ համանախագահները շեշտել են «ղարաբաղյան հակամարտության վերջնական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»: Եռյակը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին «վերսկսել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»:
Լրացուցիչ ջանքեր են պահանջում հետևյալ հարցերը՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձ` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ տվյալների փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու սահմանափակումների վերացում, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանում, հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև կապի և համագործակցության հաստատում, ինչպես նաև մարդկանց միջև խաղաղության և վստահության մթնոլորտի ամրապնդում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Ինչպես գիտեք, Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները լուծված չեն, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբն զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմամբ: Ռուսաստանը նաև ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կարգավորման ուղղությամբ: Մենք մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ:
Ինչ վերաբերում է սահմանային միջադեպին․ այն ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան հարցի հետ: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ամրագրման բացակայությունն է, ինչը ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից: Նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանն այս հարցում նույնպես պատրաստ է ցուցաբերել իր օժանդակությունը»,- ասել է Զախարովան: