Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ինքնաթիռը։ Տարածաշրջանային այցով Բաքվից հետո Հայաստան ժամանող նախարարին դիմավորում է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու միանգամից ուղեկցում նախարարության շենք։ Զարիֆի այցի օրակարգն ընդգրկուն է, քննարկվելիք հարցերի առանցքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն է։
Մոհամմադ Ջավադ Զարիֆ (ԻԻՀ ԱԳ նախարար) - Իրանը մշտապես կողմնակից է տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման տարբերակին՝ երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովուրդների իրավունքի հարգմամբ։ Ցանկացած սրացման դեպքում, եթե լարվածության հետևանքով զոհեր են լինում, դա մեզ մտահոգում է։ Անհանգստանում ենք, և ցանկալի է, հնարավորինս արագ և խաղաղ լուծվի այս հարցը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր գնահատեց ներկա իրավիճակում արտգործնախարար Զարիֆի տարածաշրջանային այցը՝ նշելով, որ Իրանը եղել և մնում է Հայաստանի շատ կարևոր գործընկերն ու հարևանը։
Արա Այվազյան (ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար) - Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով, և մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի ԱԳ նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ճեպազրույցին նախորդել են նեղ և ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպումները, որոնց առանցքային թեման դարձյալ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն էր։ Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանն այժմ փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։
Արա Այվազյան - Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Զարիֆն ուղևորվում է կառավարության շենք՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի հիմնական թեման դարձյալ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն են։
ԻՐԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը։ Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից, և մենք սրա համար առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որ հարցը լուծենք առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհով:
Փաշինյանը Զարիֆին տեղեկացրել է նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների արձակած կրակոցից հայ զինծառայողի սպանության դեպքի վերաբերյալ։
Մոհամմադ Ջավադ Զարիֆ - Ցավում եմ, որ այս նոր վիճակի սրացման հետևանքով զոհ եք ունեցել։ Երեկ ես շատ բովանդակալից և մանրամասն խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, հույս ունեմ, որ այս հանդիպումները, ինչպես նաև իմ գործընկերոջ հետ հանդիպումը կկարողանան նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա:
Իրանի արտաքին գործերի նախարարն Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է նաև երկրների երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան