Պետք է արձանագրել, որ մեր հետպատերազմական անվտանգային համակարգը հիմա շատ լուրջ փորձություն է ապրում, և սա պետք է հաջողությամբ հաղթահարել՝ խորհրդարանում անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարի»,- նշեց Փաշինյանը:
Մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ի հետ, որի հետ մենք, բացի ՀԱՊԿ շրջանակից, ունենք նաև երկկողմ անվտանգային համագործակցություն, Իրանի հետ ենք մենք խորհրդակցության մեջ, այսօր արտգործնախարարն էր Հայաստանում, բովանդակային շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել՝ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում մենք պիտի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու և պաշտպանելու մասին մտածենք: Բայց ուզում եմ էլի ընդգծել, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն են մեզ հորդորում որպես գործընկեր՝ քաղաքական եղանակներով հարցը լուծել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ռազմական դրության անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Այն կմտցվի միայն իրավիճակի կտրուկ սրման դեպքում:
Պատգամավորի հարցին, թե ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի կողմից անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերելու մտավախություն կա՞, թե՞ ոչ՝ Փաշինյանը ընդգծեց՝ դա կնշանակի, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի իր ինքնալուծարման մասին:
«Ես ուզում եմ ձեզ հստակ ասել, որ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Այո՛, փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է, և ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա հարձակում է ՌԴ-ի վրա»,- նշեց Փաշինյանը: