Սահմանային իրավիճակի սրումից հետո Անվտանգության խորհրդի և Կառավարության նիստերում հայտարարել եմ, որ ժամանակակից աշխարհում հակամարտությունները և ռազմական բնույթի հակադրություններն ունեն պարտադիր կոմպոնենտ, այն է՝ տեղեկատվական պայքարը: Այս մասին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նորից հայտարարելով, որ Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ:
«Այսօր ինձ տեղեկանք ներկայացրին: Սահմանին բախումներ են տեղի ունենում, ցավոք, ընդհուպ մինչև ծեծկռտուքներ են տեղի ունենում, դիրքերից հեռացում, վերադարձ: Ես չգիտեի, որ այդ տեղեկանքի բովանդակությունը պետք է հրապարակեմ: Հույս ունեմ, որ տեղեկանքը ճշգրիտ է արտահայտում իրականությունը:
Բովանդակությունը հետևյալն էր, որ ձեզ հայտնի ընդիմադիր շրջանակներին պատկանող օգտատերերը լայնորեն տարածել են այն տեսանյութերը սահմանային միջադեպերի, որոնք տարածվել են ադրբեջանական շրջանակների կողմից, և եղել են նաև տեսանյութեր, որտեղ նույն կերպ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներն են ոչ հրազենային գործադրմամբ՝ ձեռնամարտով, հետ մղել ադրբեջանցի զինծառայողներին, և այդ նույն շրջանակները այդ տեսանյութերը չեն տարածել, բոյկոտել են:
Այդ մարդիկ ձեզ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք: Բա ո՞նց է, որ դուք մեր բանակը թվացյալ վարկաբեկող տեսանյութերը մեծ հաճույքով տարածում եք, իսկ որ մենք ունենք զինվորներ, սպաներ, կամավորներ, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերյալ հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում: Սա նշանակում է, որ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց Փաշինյանը: