Այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Որտեղ է ընթանում՝ չգիտեն նաև լրատվամիջոցները, որոնք Քոչարյանի կլանի, նրա նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում: Այդ մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Չգիտեն, քանի որ իրեն երկրի միակ տղամարդ հռչակած այս անձնավորությունը քրոնիկ վախ ունի իրեն ուղղվելիք ազատ խոսքից, ենթադրում եմ՝ անհարմար հարցերից: Վախ ունի, որ կարող է հանկարծ ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի պահի հարցնի՝ լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանը ինչպե՞ս սպանվեց: Վախ ունի, որ ինչ-որ մի լրագրող կարող է հանկարծ հարցնել՝ ընկե՛ր, տեսել ենք՝ դու ինչպես ես եկել, Հայաստանում պաշտոն ստանձնել, նաև տեսնում ենք քո հարստությունը հիմա. այդ վախը նրան թույլ չի տալիս և չի կարող թույլ տալ կանգնել ու լսել այն հարցերը, որոնք կտային ազատ լրատվամիջոցները:
Երկու օր առաջ էլ մի հանդիպման ժամանակ ասել է, թե երկիրը պետք է մեխանիզմի նման աշխատի. սա ասել է մի մարդ, ում կառավարման, նախագահության օրոք Հայաստանում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր, ժողովրդի հարստահարման մեխանիզմն էր, ժողովրդի ունեզրկման մեխանիզմն էր. այլ մեխանիզմ նրա օրոք ժամացույցի պես չի աշխատել:
Ասում է՝ հնարավոր են ընտրակեղծիքներ այս ընտրություններին: Սա ասում է մի մարդ, ում նախագահության օրոք, օրինակ՝ Տավուշի մարզի մեր սիրելի բնակիչները կարող են պատմել, թե քանի քվեատուփ է դատարկվել Աղստև գետը՝ ընտրությունների արդյունքները չամփոփած, քանի ընտրատուփ է փոխվել: Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, նույնացնել իր հետ ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ՝ դրանով էլ արդեն փորձելով ալիբի ստեղծել հետագա հետընտրական, իր պատկերացրած՝ պրոցեսների համար: Ուզում եմ՝ հստակ լինի գնահատականը, ուզում եմ, որպեսզի այստեղ միասին արձանագրենք, որ ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը չունի բացարձակապես ոչ մի հիմք, բացի այդ մարդու արդեն իսկ այդ քրոնիկ վախից, որը նրա մոտ վերջերս է ձևավորվել՝ գալիք ջախջախիչ պարտության վախից»,- ասաց պատգամավորը: