Երկրում արտադրած մթերքով բնակչությանը կերակրել Հայաստանը չի կարող: Խանութներում ու շուկայում վաճառվող սննդի դեռ շատ փոքր մասն է ամբողջությամբ տեղական, թվարկում է Գործատուների միության նախագահը:
Գագիկ Մակարյան (ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ) - Միայն ոչխարի մսով, ձուկ, բանջարեղեն-մրգերով ենք տեղական ինքնաբավ, հավի մսով՝ մոտ 28 տոկոս ենք ինքնաբավ, խոզի միսը՝ կեսը բերում ենք, կարագը, 99 տոկոս ձեթը՝ ներմուծում ենք, կարագը՝ 1-2...
Ստացվում է՝ կախված ենք դրսի մատակարարումներից, ներկրման ժամանակ՝ բեռնափոխադրման արժեքի ու դոլարի տատանման պատճառով, հաճախ նաև՝ ապրանքի լրացուցիչ թանկացումից: Պարզելու համար, թե մեր տնտեսվարողը պարենային խնդիրներում ինչպե՞ս է կողմնորոշվել կորոնայի ու պատերազմի փուլում, Գործատուների միությունը գյուղացուց սուպերմարկետ 4200-ից ավելի հարցում է անցկացրել: Տվյալներն ամփոփել, եզրակացրել. սպառողը մթերքի դեֆիցիտ չի զգացել այն պատճառով, որ բիզնեսը վարժված է տարբեր ռիսկերից՝ ելնելով ինքնաբուխ աշխատելուց: Այնպես չէ, որ գյուղատնտեսության զարգացումը բարձրացրել է պարենային անվտանգության մակարդակը:
Որոշ բնագավառներում արդյունքը էդքան էլ հուսալի չէ, օրինակ՝ ցորենը սկսվել է 2012 թվականին նույն ցուցանիշով, ինչ հիմա:
Աշխարհում սննդի խնդիրը սրվել է, քանի որ COVID-ն իր հերթին խառնել է լոգիստիկ համակարգերը, խզել կապերը՝ ահազանգում են ՄԱԿ-ի փորձագետները:
Ելենա Միլոշևիչ (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի տնօրեն) - Պատերազմների, բնական աղետների պատճառով պարենի անվտանգությունը խնդիր է դարձել ամբողջ աշխարհում: Ընդ որում՝ հարցը ոչ միայն սննդի պակասն է, այլև մատակարարումների շղթաների ընդհատումը:
Որպեսզի ֆերմերը անասուն պահի, այգի մշակի ու ավելացնի արտադրվող սննդի ծավալը, տնտեսագետ Բագրատյանը պնդում է՝ պետությունը պետք է ֆինանսական օգնությունն առաջնահերթ ոչ թե վերամշակողին ուղղի, այլ գյուղացուն:
Հրանտ Բագրատյան (տնտեսագետ) - Ինչքան ենք մենք սուբսիդավորում գյուղատնտեսությանը՝ 6-10 մլրդ դրամ՝ 200 մլրդ դրամի փոխարեն: Էդ էն գինն ա, որ տալիս ենք էժան պարարտանյութին, էն էլ տալիս ենք, հարստացնում ենք ներկրողին, անցած տարի փորձեցին փոխել՝ տալ գյուղացուն:
Միայն խաղողի դեպքում է, որ երկրում այնպիսի մեխանիզմ է ստեղծվել՝ բերքն ամբողջությամբ մթերվում է: Կարտոֆիլի, լոլիկի ու մյուս կուլտուրաների համար նույնպես պետք է այդպես լինի, հակառակ դեպքում՝ պարենի անվտանգության առումով առաջ չենք գնա՝ ասում է Մակարյանը:
Գագիկ Մակարյան - Խոցելի ենք այն պատճառով, որ գյուղատնտեսության արտադրողականությունն է ցածր, գնային քաղաքականությունը ցաք ու ցրիվ է:
Մինչև գյուղացին չիմանա՝ իր աճեցրած բերքն ում և ինչ գնով է վաճառելու, խնդիր են ունենալու՝ արձագանքեցին դահլիճից: Վարունգ ցանողները, օրինակ՝ հենց հիմա վնաս են կրում. մեծածախ գինը շուկայում շեշտակի ընկել է:
Ստեփան Թորոսյան (ECLOF Արմենիա ընկերության գործադիր տնօրեն) - Ոչ մեկ իրանց չի ուղորդել, որ պետք չի բոլորդ վարունգ ցանեք, էսօր դառել ա 15 դրամ, ոչ մեկ չի էլ քաղում:
Բարդ բան չեն ուզում՝ պետական մի օղակ սեզոնին մոնիթորինգ անի, իմանան վարունգ ցանողները եթե շատ են, մյուսները լոլիկ-բիբարի սածիլ դնեն: