Ավտոմեքենաների պետհամարանիշների գողությամբ զբաղվելը հանցագործների համար այլևս շահավետ չի լինի: Ոստիկանությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետհամարանիշի գողության կամ կորստի դեպքում օգտագործողին տրամադրել դրա կրկնօրինակը:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Երկու պետհամարանիշների գողության դեպքում կտրամադրվի միևնույն համարանիշը, սակայն կավելացվի տրամադրման կրկնօրինակի համարը: Մեկ համարանիշի մեկանգամյա կորստյան կամ գողության դեպքում կրկին կտրամադրվի առաջին անգամ նույն համարանիշը, իսկ երկրորդ անգամ նույն կերպ կտրամադրվի նույն համարանիշը, սակայն նշումով՝ դրա կրկնօրինակի վերաբերյալ:
Հատկացված կրկնօրինակի վրա արված նշումը կբացառի այն դեպքերը, երբ հանցագործները կկարողանան գողացված համարանիշը տեղադրել նույնատիպ մեքենայի վրա և դրանով այլ հանցագործություններ կատարել: «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ղահրամանյանը որոշման նախագիծը կարճաժամկետ կտրվածքով խնդրի լուծում է համարում:
Սերգեյ Ղահրամանյան («Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ) - Համոզմունքս այն է, որ գողությունները կնվազեն կամ, գուցե կվերանան, քանի որ, պարզապես, անեկամտաբեր կլինի հանցագործների համար պետհամարանիշներ գողանալը:
2021 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հանրապետությունում արձանագրվել է պետհամարանիշների գողության ընդհանուր առմամբ 328 դեպք, որոնցից բացահայտվել են 6-ը: 235 դեպքում հափշտակվել են ոչ թե հերթական, այլ՝ ցանկալի համարանիշներ: Գողության 328 դեպքից 318-ը կատարվել են գիշերային ժամերին, ինչը լրացուցիչ բարդություն է առաջացրել հանցագործին հայտնաբերելու գործում: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ գողացվել են ռուսական և վրացական պետհամարանիշներ:
Արա Ֆիդանյան - Սա այն հանցագործություններից է, որի բացահայտումը, ըստ էության, բավականին մեծ դժվարություն է իրենից ներկայացնում: Տվյալ հանցագործությունը նաև առավել լատենտային հանցագործությունների թվին է դասվում, երբ քաղաքացիները գերադասում են ոչ միայն նոր պետհամարանիշներ ձեռք բերել, այլև երբեմն նաև գործարքների են գնում հանցագործություն կատարած անձանց հետ՝ գերադասելով որոշակի գումարի դիմաց հետ ստանալ իրենց պետհամարանիշները:
Սերգեյ Ղահրամանյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիները նախընտրում են հանցագործին վճարել և իրենց սեփական պետհամարանիշը հետ ստանալ այն դեպքում, երբ համարանիշի արժեքը 120 հազար դրամից բարձր է, իսկ պահանջվող գումարը՝ մի քանի անգամ ավելի ցածր:
Սերգեյ Ղահրամանյան - Տվել են, օրինակ՝ 1 մլն դրամ, և իրենց ավելի եկամտաբեր է վճարել 80-100 հազար դրամ և ստանալ հետ, իսկ, օրինակ՝ 60 հազար դրամանոց, 120 հազար դրամանոց պետհամարանիշների պարագայում, քաղաքացիներ կան, որ գնում, հերթական համարանիշ են վերցնում:
Ավտոմեքենաների պետական համարանիշների գողության մեծ թվով դեպքերը և խնդրի արդիականությունը հաշվի առնելով՝ ոստիկանությունը նախատեսում է հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունել Կառավարության համապատասխան որոշումը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան