Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում պատգամավորների գրանցումից հետո պարզ դարձավ, որ քվորում չկա: Գրանցվել էր 61 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սպասել մինչև պատգամավորները կգան նիստերի դահլիճ:
5 րոպե անց արդեն գրանցվել էր 75 պատգամավոր, և նիստը մեկնարկեց:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից և իշխանության կողմից ձեռնարկվող քայլերից:
Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը՝ ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ մյուս հարցերում, գործում է իր հնարավորությունների և ուժերի ողջ ծավալով և նույնիսկ ծավալից անդին:
«Մեր պատվիրակությունները չափազանց ակտիվ են այս հարցում: Գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա սևեռելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Դրանք արտահայտվում են հայտարարությունների և բանաձևերի տեսքով:
Իմ հանդիպմանը ռուս գործընկերոջս՝ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, նույնպես քննարկվել է հարցը: Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ, և չեմ կարծում, որ մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները: ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Կարծում եմ՝ պետք է լավատես լինել:
Քննարկումները շարունակվում են բոլոր դաշնակից երկրների հետ, միջազգային հանրությունը և ՀՀ-ն պետք է ամեն ինչ անեն րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և երբեմն երկարատև աշխատանքն ավելի արդյունավետ է»,- նշեց Միրզոյանը: