Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ ականապատված լինելու պատճառաբանմամբ արտակարգ վայրէջքը վայրկյանների ընթացքում հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: Օդանավում ականներ չհայտնաբերելով՝ Բելառուսի իրավապահները հենց սրահից բերման են ենթարկել Բելառուսում ծայրահեղական ճանաչված լրատվամիջոցի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին:
Ryanair ընկերությանը պատկանող օդանավն Աթենքից թռչում էր Վիլնյուս։ Բելառուսի և Լիտվայի սահմանը հատելուց կարճ ժամանակ առաջ օդանավը շրջադարձ է կատարել և բելառուսական կործանիչների ուղեկցությամբ վայրէջք իրականացրել Մինսկի օդանավակայանում։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարկադիր վայրէջքի պատճառն օդաչուներից մեկի հաղորդագրությունն է եղել՝ ինքնաթիռն ականապատված է։ Օդանավի ստուգումների արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
Ռոման Պրոտասևիչն ընդդիմադիր NEXTA Տելեգրամ-ալիքի գլխավոր խմբագիրն էր, որը լուսաբանում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային ակցիաները։ Վերջին տարիներին բնակվում էր Վիլնյուսում և բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի թիմի անդամ էր։ Պրոտասևիչին բելառուսական իշխանությունները ներառել էին ահաբեկիչների ցուցակում և նրա նկատմամբ միջպետական հետախուզություն հայտարարել։
Ընդդիմադիր գործչի աղմկահարույց ձերբակալումից ժամեր անց փոխվեց Եվրամիության այսօր սպասվող գագաթնաժողովի օրակարգը:
Շառլ Միշել, Եվրոպական խորհրդի նախագահ - Հնարավորություն ունենք ավելացնել Բելառուսի հարցը մեր օրակարգում: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, միջազգային սկանդալ էր. վտանգվել է եվրոպացիների կյանքը, ինչն անընդունելի է և պետք է անպատիժ չմնա: Մենք նախատեսել ենք Բելառուսի դեմ բազմաթիվ արգելքներ, պատժամիջոցներ: Հուսամ, քննարկումների արդյուքնում կկարողանանք որոշումներ կայացնել:
Մինչև գագաթնաժողովի մեկնարկը Բրյուսելն ու Վաշինգտոնը պահանջել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտահերթ նիստ հրավիրել, կոչ արել մյուս երկրներին հրաժարվել Բելառուսի տարածքով օդային թռիչքներից: Ժամեր անց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հաստատեց՝ ստացել է Բելառուսի երկնում թռիչքների դադարեցման հայտ:
Բելառուսի օդային տարածքն ամբողջության փակելու և Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչին են միացել Մերձբալթյան երկրների նախագահները: Էստոնիայի նախագահն հեռավար բանակցություններ է անցկացրեց Լատվիայի և Լիտվայի գործընկերների հետ: Կերստի Կալյուլաիդն ինքնաթիռի միջադեպը որակել է որպես պետական ահաբեկչություն:
Պետության կողմից հովանավորվող օդահենության ակտ՝ այսպես է բնորոշել Իռլանդիայի Ryanair ավիաընկերության գործադիր տնօրենը: Մայքլ Օ'Լիրին պնդել է, որ Մինսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել են Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ:
Մինսկը մեկնաբանել է Աթենքից Վիլնյուս թռչող և Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը՝ հայտարարելով, որ այն պետք է դիտարկել ցուցաբերված անվտանգության տեսանկյունից: Բելառուսը վստահ է՝ իրականացված գործողությունները լիովին համապատասխանում են սահմանված միջազգային կանոններին: Մինսկը մեղադրել է Արևմուտքին՝ միջադեպը քաղաքականացնելու և հապճեպ եզրակացություններ անելու համար:
Բելառուսին աջակցություն է հայտնել Ռուսաստանը: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի լքի Բելառուսին և միշտ պատրաստ է օգնել իր հարևանին և ռազմավարական դաշնակցին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ արտերկրում գտնվող ընդդիմությունը չի կարողանում սասանել իրավիճակը երկրում և հավելել, որ քաղաքացիների զգալի մասը հոգնել է փողոցային անկարգություններից և գիտակցում է դրանց անարդյունավետությունը։