Վերջին շրջանում համաշխարհային ուժային կենտրոնների հարաբերությունները փոխվում են տարերային արագությամբ. ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պատգամավորի խոսքով՝ մեր երկրում գերտերությունների շահերը հակադրել փորձողը հիմար է, անգամ՝ ազդեցության գործակալ:
«Ով փորձում է հիմա հայհոյել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Չինաստանին, Հնդկաստանին, Իրանին, իմացեք՝ նա Հայաստանի թշնամին է: Մենք մեր գործողություններով երբևէ չպետք է տեղ տանք որևէ գերտերության այստեղ՝ իրենցից մեկի դեմ որևէ դավադրության նշույլ անգամ նշմարել: Մեծերի բախման կիզակետում փոքրերը շահելու բան չունեն: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում մեծերի շահերը ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն: Հզոր տերությունները այլ չափումներով են մտածում, այլ մասշտաբներով են գծեր քաշում, ու իրենց քաշած գծերի հաստությունը մեր նման պետությունների՝ նույնիսկ ամենալայն հատվածից ավելի լայն կարող է լինել: Մեծերի հետ հարաբերություններում մենք պետք է դնենք միայն մեր, հայկական շահը. միայն այդ դեպքում է, որ այդ շահը շանս կունենա քննության առարկա դառնալու և շահերի մեծ ընտանիքում ներառվելու»,- ասաց պատգամավորը: