Հունաստանի ու Միացյալ Նահանգների միջև պաշտպանության ոլորտում գործակցության համատեքստում համատեղ զորավարժությունները խիստ նյարդայնացրել են Թուրքիային, ինչը նկատելի է Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցների տեղեկություններից՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
Հույն-ամերիկյան «Կենտավրոս-21» վերջին զորավարժությունները, որոնք անցկացվել են Թուրքիայի սահմանի մոտ, թիրախավորվել են թուրքական մամուլում ինչպես Միացյալ Նահանգների մասնակցության, այնպես էլ երկու հոգևորականի ներկայության համար:
«Երկու քահանաներով ու զինվորներով նրանք մարտահրավեր են նետում Թուրքիային»,- ասվում է թուրքական մամուլում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ևս չորս ռազմաբազա կհիմնի Հունաստանում:
Անտեսելով Հունաստանի ու ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից լինելու հանգամանքը և այն, որ զորավարժություններն ուղղված չեն Թուրքիայի դեմ՝ թուրքական մամուլը համակարգված փորձում է ներկայացնել, որ նրանք թիրախավորում են Թուրքիային: