Այն իրավիճակը, որը ստեղծվել է Սյունիքում, լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հանրության մեջ: Եվ, այո՛, միանգամայն արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, պետք է հստակ արտահայտվեն այս խնդրի շուրջ: Այդ մասին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Ստեղծված իրավիճակի ուղղությամբ, իհարկե, մեծ աշխատանք է տարվում, սակայն մեծ մասը չի երևում, միայն այսբերգի գագաթն է երևում: Մեր դաշնակիցները պետք է հստակ արտահայտվեին առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող գործողություններն անընդունելի են և հետևանքներ են ունենալու:
Ես ուզում եմ կոչ անել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններին՝ այդ միտքը հասցնել իրենց կառավարություններին: Այստեղ ՀԱՊԿ հեղինակության հետ գործ ունենք, միայն ՀՀ խնդիր չէ: Սա այն դեպքն է, որտեղ միայն չերևացող աշխատանքը արդյունավետ չի կարող լինել, պետք են հստակ աշխատանքներ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումն իրավիճակի շուրջ»,- նշեց պատգամավորը: