Հակակոռուպցիոն ռազմավարության հերթական նախաձեռնությամբ իրական պայմաններ կստեղծվեն իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման առումով: Արդարադատության նախարարության մշակած «Իրավաբանական անձանց գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման» օրենքում փոփոխություններ կատարելու ու հարակից նախագծերի փաթեթը ԱԺ-ում քննարկվում է առաջին ընթերցմամբ:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է, որ իրավաբանական անձն ազատվի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացումից՝ միայն մասնակի, եթե վերջինս կամ դրան վերահսկող այլ իրաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներ ունեցող ֆոնդային բորսայում: Առաջարկվում է նաև տվյալների նախնական և ընթացիկ ստուգում՝ գործակալության նախաձեռնությամբ կամ անճշտությունների վերաբերյալ այլ մարմինների ծանուցումների հիման վրա: Կնախատեսվի իրավաբանական անձի պարտականությունը առնվազն տարին մեկ անգամ իրականացնելու պատշաճ ուսումնասիրություն՝ իր իրական շահառուներին բացահայտելու նպատակով՝ փաստաթղթավորելով գործընթացը:
Կնախատեսվի նաև վարչական և քրեական պատասխանատվություն՝ իրական շահառուների բացահայտման օրենսդրությունը խախտելու համար, ինչը կիրառելի կլինի, անկախ իրավաբանական անձի գործունեության ոլորտից: Առաջարկվում է շտկել և փոփոխել օրենսդրությունը հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրության կիրառման ընթացքում խնդիրների վերհանման արդյունքներով: