Ազգային ժողովի քառօրյան մեկնարկեց Սյունիքի իրավիճակով պայմանավորված ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին ուղղված հայկական կողմի պաշտոնական դիմումների քննարկմամբ: Պատգամավոր Արման Բաբաջանյանի գնահատմամբ՝ դաշնակիցները Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված քայլերի փոխարեն անում են ճիշտ հակառակը:
Արման Բաբաջանյան (ԱԺ պատգամավոր) - Երեկ էլ հայտարարվեց, որ ՀԱՊԿ-ի դռներն են բաց այդ կառույցի, ինչին խանգարում է հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչը, ըստ Ռուսաստանի, կշտկվի:
ՀԱՊԿ-ը պետք է Սյունիքում ստեղծված խնդրի շուրջ հստակ արտահայտվի, գործընկերոջը շարունակեց «Իմ քայլից» Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ հարցը նաև այդ կառույցի հեղինակությանն է վերաբերում:
Միքայել Զոլյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Սա այն դեպքն է, երբ մեր դաշնակիցները պետք է հստակ արտահայտվեին:
Հակառուսական քարոզչություն իրականացնողները, ըստ «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանի՝ պետք է հիշեն՝ ռազմավարական դաշնակիցը քայլեր է ձեռնարկում՝ հաշվի առնելով տվյալ իշխանության որոշումը: Իշխող ուժից, այնուամենայնիվ, հույս ունեն, որ մոտ երկու շաբաթ առաջ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը արձագանք կունենա:
Լիլիթ Մակունց (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Կոչ եմ անում՝ այն տրամադրությունները, որոնք, ցավոք, հանրության որոշ շրջանակում կան, չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը: Կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք:
Անցնելով բուն օրակարգին՝ խորհրդարանը քննարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանը ներկայացրեց ոլորտի խնդիրների հաղթահարման հարցում իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների հարցերին: Քննարկվեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար իշխող խմբակցությունն առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Սակայն այս հարցի քննարկումը ընթացավ օրակարգին չառնչվող որոշ ելույթներով: «Իմ քայլից» Վահագն Ալեքսանյանը պատասխանեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրությունների հնարավոր կեղծման մասին այսօր արած հայտարարություններին:
Վահագն Ալեքսանյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Ասում է՝ հնարավոր են ընտրակեղծիքներ այս ընտրություններին: Սա ասում է մի մարդ, ում նախագահության օրոք, օրինակ՝ Տավուշի մարզի մեր սիրելի բնակիչները կարող են պատմել, թե քանի քվեատուփ է դատարկվել Աղստև գետը՝ ընտրությունների արդյունքները չամփոփած, քանի ընտրատուփ է փոխվել: Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, նույնացնել իր հետ ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ՝ դրանով էլ արդեն փորձելով ալիբի ստեղծել հետագա հետընտրական, իր պատկերացրած՝ պրոցեսների համար:
Իսկ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ամբիոնից դժգոհեց՝ հայտարարելով, որ հանրային քննարկումներից մեկի ժամանակ իր օգտագործած «ամայի տարածքներ» արտահայտությունը մանիպուլացվել և տարածվել է համատեքստից կտրված։ Այդ հայտարարությանն այսօր անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թե զարմացած է, որ Հայաստանում նման մարդիկ են ապրում և շնչում: Վարդանյանը Քոչարյանի այդ մտքին կոշտ արձագանքեց.
Վլադիմիր Վարդանյան (ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մարդիկ կան, որ ինձ ձեռնոց են նետում և հայտարարում, որ ես իրավունք չունեմ ապրելու ՀՀ-ում: Կա՞ արդյոք ՀՀ-ում որևիցե մեկը, որ մեկ այլ քաղաքացու իրավունք վերապահի ապրելու կամ չապրելու: Դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելո՞ւ ենք, թե՞ չէ: Ցավում եմ, որ այսպիսի մանիպուլյատիվ եղանակներով ենք մոտենում նախընտրական քարոզարշավին, ցավում եմ, որ երկրի սահմանին ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում հայտնվել են թշնամական ուժեր, ու մարդիկ կան, որ ոչ թե փորձում են միավորեն ու դրանց դուրս մղեն, ասում են՝ մենք կգանք՝ կդզենք, դզո՞ղ եք՝ կանգնեք կողքներս՝ դզեք:
Վերադառնալով օրակարգին՝ թեկնածուների ընտրության և քննարկված հարցերի քվեարկությունը տեղի կունենա վաղը: