Արտահերթ խորհրդարանական ընտրություններում պայքարող որոշ ուժերի հետ անհաղթահարելի տարաձայնություններ կան Հայաստանի ապագայի, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում է՝ ինչո՛ւ չեն համագործակցում քաղաքական մյուս ուժերի հետ: Նա ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններն ու նշում՝ յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով:
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի առաջնորդ) - Կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կարծում եմ՝ դրա շուրջ մենք ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ բոլոր դաշինքները գրանցվեն, և ֆորմատը պարզ լինի:
«Հայաստան» դաշինքը գլխավորող Քոչարյանը խոսեց անվտանգային խնդիրների ու դրանք լուծելու իր պատկերացումների մասին: Հարցին, թե այս փուլում դեմարկացիան ու դելիմիտացիան ի՛նչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի հարցի վրա, Քոչարյանը պատասխանեց՝ լուծումը բանակցային ճանապարհն ու դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցությունն է:
Ռոբերտ Քոչարյան - Այս պահին դելիմիտացիան խնդիր կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում, և, կարծում եմ՝ այն շտապությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է այս հարցի հետ: Դելիմիտացիայից, կարծում եմ՝ պետք չէ չափից շատ ավելի վախենալ, ուղղակի այս պահին այն պրոբլեմատիկ հարց է:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը մինչև վերջ վարչապետի հրաժարականի պահանջով պայքարի ընթացքում միասնականություն չդրսևորեց, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ գաղափարախոսություններն էին տարբեր: Ըստ նրա՝ այս փուլում ավելի կարևոր է, որ ընդդիմությունը բացառի Փաշինյանի հետ համագործակցությունը:
Իշխան Սաղաթելյան («Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ) - Նրանք, ովքեր ասում են, ընտրությունը ելքը չի, պետք է առաջարկեն՝ բա որն ա ելքը: Եթե իրենք ելքը տեսնում են՝ էս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, մենք էդ ելքը չենք տեսնում, րոպե առաջ էս պարագայում ընտրությունների միջոցով պետք է հեռացնենք այս իշխանություններին: Ամենակարևորը՝ եթե խոսում ենք, որ ընդդիմադիր դաշտը միասնական չի, ընդդիմադիր դաշտը ընտրություններին պետք է մասնակցի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով:
«Հայաստան» դաշինքի առաջնորդն էլ հավելեց՝ այդ դեպքում հարց չէ՞ր առաջանա՝ երբ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է և ընտրություններին մասնակցում է միասնական ցուցակով, բա հետո ինչպե՞ս եք աշխատելու։
Ռոբերտ Քոչարյան - Այդ ֆորմատով ինչպե՞ս էինք երկիր կառավարելու։ Այդ դեպքում իրավունք կունենայիք ասելու՝ ձեր նպատակն ուղղակի մի մարդու հեռացնելն է, ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը։ Ֆորմատը, տրամաբանական առումով, պետք է աշխատունակ լինի։ Ես չեմ պատկերացնում այդպիսի լայն միավորման ֆորմատի արդյունավետությունը հետագայում։ Մենք գնում ենք ընտրությունների կրելու:
Հարցին՝ արդյոք ինքը ոչմիթիզականության ու առավելապաշտության կրո՞ղ է, ինչպես նրան որակում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն արձանագրեց՝ երբ Հայաստանն ինքն էր ղեկավարում, համանախագահների կողմից չի եղել որևէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, և մերժեր Հայաստանը:
Ռոբերտ Քոչարյան - Բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է՝ առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների:
Քոչարյանը խոսեց նաև հետընտրական զարգացումներից, նշեց՝ եթե իշխանությունը փորձի անհամաչափ վարչական ռեսուրս կիրառել, հետընտրական զարգացումներն անխուսափելի կլինեն, ու ինքն անձամբ կգեներացնի այդ գործընթացը:
Ռոբերտ Քոչարյան - Եթե իշխանությունը փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այո՛, լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ: Ուրեմն, այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն՝ չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս՝ նման կարգի լկտիություն ցուցադրելու համար:
Ըստ հարցումների՝ Նիկոլ Փաշինյանը բարձր վարկանիշ ունի, ասաց լրագրողն ու «Հայաստան» դաշինքի առաջնորդից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են «կրելու»։ Քոչարյանն արձագանքեց՝ երկրում ստեղծված իրավիճակն այդ հարցումները լուրջ կասկածի տակ է դնում։