Միրզոյան, Բաբաջանյան, Հարությունյան, Սարյան, Խուդոյան. համարձակ ու առաջադեմ երիտասարդ երաժիշտների հզոր հնգյակին բոլորն էին ճանաչում: Բացի տաղանդավոր երաժիշտ լինելուց, նրանք մտերիմ ընկերներ էին: Հնգյակից երեքի կյանքը խաչասերվել էր դեռ մանկապարտեզից: Ալեքսանդրն ու Առնոն հաճախում էին նույն մանկապարտեզը, երբ Արամ Խաչատրյանը պատահական այցի ժամանակ նկատեց նրանց:
Միրզոյանի հետ հանդիպեցին ավելի ուշ՝ Երևանի Կոնսերվատորիայի տաղանդավոր երեխաների խմբակ ընդունվելուց: Հետո նրանց առջևում Մոսկվան էր, համատեղ ստեղծագործություններ: Այսօր էլ հայկական երաժշտության երեք լեգենդերը հնչում են Մոսկովյան բեմում՝ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գյորգիևի դիրիժորական հրահանգներով:
Վալերի Գերգիև, Մարիինյան թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ - Ինձ բախտ է վիճակվել, դեռ երիտասարդ դիրիժոր լինելով, ոչ միայն ճանաչել, այլև ընկերանալ նրանց հետ: Ես այն ժամանակ Հայաստանի պետական նվագախմբի ղեկավարն էի: Միրզոյանը, Բաբաջանյանն ու Հարությունն հաճախ էին շփվում ինձ հետ՝ չնայած ես դեռ երիտասարդ էի ու առանձնապես խոշոր նվաճում չունեի: Մեր միջև մարդկային ուժեղ կապ ստեղծվեց դեռ այն ժամանակվանից:
Մարիինյան նվագախումբը հնչեցնում է Բաբաջանյան և Հարությունյան կոմպոզիտորների ստեղծագործական տանդեմի հայտնի «Հայկական ռապսոդիան»: Առնո Բաբաջանյանն իր կյանքում վերջին համերգը կատարել է ինձ հետ` Երևանում՝ հիշում է մաեստրոն: Այն ամբողջությամբ իմպրովիզացիա էր:
Վալերի Գերգիև - Էդվարդ Միրզոյանի տանն ուշ երեկոյան որոշեցինք՝ եկեք վաղը «Հերոսական բալլադը» նվագենք, իրար նայեցինք ու ասացինք՝ իհարկե կնվագենք: Դա նրա կյանքի վերջին համերգն էր: Ես շատ հպարտ եմ այդ ընկերությամբ, ու կփորձենք նույն ոգով կատարել նրանց երաժշտությունը, ինչպես նրանք սիրում էին իրենց հայրենիքն ու միմյանց:
Հարությունյանի համերգային վալսը, Բաբաջանյանի պարային սյուիտը, կոնցերտ թավջութակի համար, Միրզոյանի հայտնի գործերը նվագախմբի հետ կատարում են Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Նակարյակովն ու Հայկ Կազազյանը: Մոսկվայի երաժշտասեր հասարակության համար որպես նորություն հնչում է Բաբաջանյանի ջութակի կոնցերտը:
Հայկ Կազազյան, ջութակահար - Մի քանի տարի առաջ եմ ինձ համար հայտնաբերել այս գործը, որի մասին շատ քիչ երաժիշտներ գիտեն:
Հայ երաժշտության երեք հսկաների հարյուրամյակին նվիրված համերգի մտահաղացումը Գյորգիևինն էր, կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում:
Արմեն Սարկիսյանց, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» գլխավոր պրոդյուսեր - Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ինչն ընդգծում է այն, որ այս երեք կոմպոզիտորների երաժշտությունը համաշխարհային մշակութային ժառանգություն է:
Հայկական մտքի արգասիքը ոչ միայն խորհրդային և Հայաստանյան սեփականություն է, այլև հատում է տարածքային սահման հասկացությունն ու շարունակում հնչել ամբողջ աշխարհում՝ նշում են մոսկվացի արվեստագետները: