«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը դեռ հստակեցման փուլում է, խորհրդարանական իշխող խմբակցության ղեկավարն այսօր փոխանցեց, որ վերջին շտկումներն են կատարվում։
Մինչև այդ մամուլն առավոտյան արդեն հրապարակել էր ՔՊ-ի ցուցակի առաջին 15-ի անունները։ Ըստ այդ ոչ պաշտոնական տարբերակի, խոշոր գործարարներից Գուրգեն Արսենյանը 14-րդն է լինելու, Խաչատուր Սուքիասյանն էլ եզրափակելու է առաջին հնգայկը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր արձագանքելով այն հարցին, թե Փաշինյանը դեռ 2018-ին հայտարարել էր, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի, ասաց՝ դժվար է ասել՝ Սուքիասյանն ավելի շատ գործարար է, թե քաղաքական գործիչ։
Լրագրողները Հակոբյանին հիշեցրեցին նախկին իշխանության օրոք ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարան անցած գործարար- պատգամավորների ցանկը, հարցրեցին, իսկ այդ մարդիկ է՞լ էին քաղաքական գործիչ։
Մամուլում հրապարակված ցուցակում չի ընդգրկվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը: Գործող պատգամավորից, նախարարներից է՛լ ով է դուրս մնալու ցանկից, Հակոբյանը դժվարացավ ասել։
Այս պահին սևագիր վիճակում է նաև «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակը։ Մինչև այն վերջնական չհաստատի կառավարման խորհուրդը, կուսակցության ղեկավարն անուններ չի հրապարակում, միայն ասում է՝ հատուկ անակնկալ չունեն, բայց նոր անուններ ցուցակում կլինեն։
Խոսելով իշխող կուսակցության ցուցակից ու դրանում տեղ գտած խոշոր գործարարների անուններից՝ Մարուքյանը շեշտեց, եթե նրանք խորհրդարան մտնեն, ապա հետընթաց կարձանագրվի ու նախկին բարքերը՝ արդեն էրոզիայի ենթարկված, կրկին կվերարտադրվեն։
Մարուքյանը վստահ է՝ ընտրության ելքը կախված է լինելու քարոզարշավից, քաղաքացիների մի մեծ տոկոս այս պահին կողմնորոշված չէ ու ընտրություն է կատարելու հենց այդ 12 օրերի ընթացքում։ Ու թեև մինչև հունիսի 20-ը դեռ մեկ ամիս կա, խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն արդեն ընտրակաշառք բաժանելու խոսակցություններ է լսել։
Իսկ թե ո՞ր ուժերն են մտնում պայքարի մեջ, հստակ կլինի արդեն վաղը. ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը վաղն է։