Մոլորեցնել սպառողին, վարկաբեկել գործընկերների արտադրանքը. երևույթներն արձանագրվել են հակամրցակցային գովազդում։ Վերջին աղմկահարույց դեպքը նախակրթարաններից մեկում էր։ Պարզվել է, ինչպես գովազդում է հնչում, ամենա, ամենա, ամենալավ նախակրթարանը նույնիսկ հավաստագիր չունի։
Գեղամ Գևորգյան (ՏՄՊՊՀ նախագահ) -Պարզվում է, որ սա նախակրթարան չէ, այլ ուղղակի ծառայություն է մատուցում երեխաների պահելու։
Ոչ պայմանները, ոչ էլ մանկավարժների գիտելիքները չեն համապատասխանել նախակրթարանի պահանջներին, ասում է հակամոնոպոլ մարմնի ղեկավարը։ Հակամրցակցային տեքստեր են նաև զեղչերի հայտարարություններում, կամ գովազդվող ապրանքի որակն ընդհանրապես կապ չունի իրականի հետ: Իսկ ամենավտանգավորը առողջապահական գովազդներն են։
Գեղամ Գևորգյան - Գովազդվում էր հավելումներ, որոնք բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում է։ Դե, միջին սպառողը մտածում է, որ սա դեղամիջոց է, պարզվեց, որ դա ոչ դեղամիջոց է, ոչ դեղահաբ է, և էլի հասարակությունը մոլորության մեջ է ընկնում։
Մայիսի 31-ից ուժի մեջ կմտնի նոր օրենքը, որով հանձնաժողովն առավել խիստ է լինելու նմանատիպ երևույթների նկատմամբ: Որպեսզի գովազդատուն գովազդի սցենարի հետ կապված խնդիրներ չունենա, հանձնաժողովն առաջարկում է գործակցել։
Տիգրան Մարկոսյան (ՏՄՊՊՀ անդամ) - Մենք նոր օրենքով ունենք նաև եզրակացություններ տալու գործիքակազմը։ Գովազդ պատրաստելու փուլում գործատուները կարող են դիմել նաև հարցադրումով՝ ասելով, որ այս վարքագիծը, օրինակ՝ կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, և մեր կողմից կտրվի եզրակացություն։ Եվ դրան հետևելու դեպքում որևէ խնդիր տեղի չի ունենա։
Եթե տնտեսվարողը շարունակի կեղծ գովազդ տարածել, ստիպված կլինի վերջին մեկ տարվա հասույթի 5 տոկոսը տուգանք վճարել: