Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ԵՄ-ի կողմից այսօր հրապարակվել է երկու նոր վերլուծություն, որոնք անդրադառնում են սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշմանը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությանը ՀՀ տնային տնտեսությունների վրա:
Սոցիալական պաշտպանության համակարգի խորքային ախտորոշումն (CODI) իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: 2019-2020 թվականների սոցիալական պաշտպանության համակարգի գործունեության վերաբերյալ այս համապարփակ վերլուծությունը համեմատական է անցկացնում սոցիալական պաշտպանության ազգային նպատակների և միջազգային լավագույն փորձի միջև: ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանում հետազոտությունն անցկացվել է 2020 թ. սեպտեմբերին՝ Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Այն անդրադառնում է ՔՈՎԻԴ-19-ի սոցալական ազդեցությանը և կառավարության արձագանքին:
«CODI-ի վերլուծությունն ընդգծում է ուժեղացված սոցիալական պաշտպանության և կայուն սոցիալական հատկացումների կարևորությունը` երեխաների և ընտանիքների առողջապահական պաշտպանությունն ապահովելու համար: Սա հատկապես կարևոր է ՔՈՎԻԴ 19-ի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին: «CODI-ի առաջարկություններից շատերն արդեն ներառվել են աշխատանքային և սոցիալական պաշտպանության ռազմավարության նախնական տարբերակում, այդ թվում՝ կենսաշրջանի մոտեցման ներդրումը, սոցիալական պաշտպանության միջազգային սահմանումը և խոցելի խմբերի ավելացումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է պատասխանատու նախարարությունների և գործընկերների հետ` զարգացնելու ՀՀ գնահատման և արագ արձագանքման համակարգը»:
CODI-ի վերլուծությունն անդրադառնում է սոցիալական պաշտպանության չորս հենասյուներից երեքին` սոցիալական աջակցությանը, աշխատաշուկայի ակտիվ ծրագրերին և սոցիալական ծառայություններին՝ վերանայելով 115 սոցիալական պաշտպանության ծրագրեր, այդ թվում` առողջապահության, կրթության և արդարադատության ոլորտներում: Զեկույցը մատնանշում է համակարգի և ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը՝ խորքային ուսումնասիրություն կատարելով 15 առավել լայն ընդգրկում ունեցող, ընթացիկ բարեփոխումներին առնչվող և շահառուների մեծ խոցելիություն ունեցող ծրագրերը: Վերջիններս ներառում են ութ ֆինանսական, հինգ աշխատանքային ծրագրեր և խնամքի տրամադրման երկու ծառայություն:
«Երկարաժամկետ առումով, զեկույցը կարևորում է սոցիալական աջակցության ծավալի ավելացումը` միաժամանակ խթանելով աշխատաշուկայի աշխուժացումը: Զեկույցի եզրակացությունները ևս պատեհ ժամանակահատվածում են արված, քանզի Հայաստանը դեռևս պայքարում է ՔՈՎԻԴ-19 համավարակի, ինչպես նաև Lեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների դեմ: Այս ամենը հսկայական ազդեցություն է ունեցել բնակչության ստվար զանգվածի վրա: Չնայած կառավարության ձեռնարկած միջոցառումներին, դեռևս կարիք կա տեղայնացումների, ներառյալ սոցիալական պաշտպանության ծառայությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որոնց զարգացման գործընկերների հետ միասին շարունակում ենք աջակցություն ցուցաբերել»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
Ըստ CODI-ի վերլուծության, ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի ամենաուժեղ կողմերը կառավարումն ու ինստիտուցիոնալ կարողություններն են: Ներկայացվել են նաև բարելավման ենթակա երեք հիմնական կետերը.
-
Բնակչության մասին տվյալների սահմանափակ ընդգրկումն ըստ կենսացիկլի. թեև կառավարությունը համավարակի առաջին ամսվա ընթացքում ցույց տվեց ռեսուրսներ մոբիլիզացնելու և արտակարգ իրավիճակների արձագանքման ավելի քան 20 ծրագիր մշակելու իր կարողությունը, քաղաքականություն մշակողները պետք է հաջորդիվ ուսումնասիրեն, թե ինչպես կարելի է որոշ կարևոր բացեր լրացնել և բացառել, որ աջակցությունը չհասնի ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց, 2-3 տարեկան երեխաներին ու ստվերային աշխատողներին:
-
Սոցիալական պաշտպանության ոլորտի ցածր ֆինանսավորում. ամբողջ երկրում առկա ծառայությունների ցանցը և տրվող արտոնությունների մակարդակը չի բավարարում սոցիալական պաշտպանության կարիքներին:
-
Աշխատաշուկան խթանող գործոններ. ցածր աշխատավարձերը և սոցիալական աջակցության նպաստներից զրկվելու վախը մարդկանց ստիպում է չդիմել պաշտոնական աշխատանքի:
241442 մարդ կամ աշխատանքային տարիքի անձանց 18 տոկոսը, կորոնավիրուսի պատճառով կորցրել է աշխատանքը: Դրանք, հիմնականում, չգրանցված և/կամ կին աշխատողներն են: ՔՈՎԻԴ-19-ի Հայաստանում տարածվածության աստիճանի հետազոտության արդյունքները մատնանշում են աշխատանքի և եկամտի կորստի, ինչպես նաև պարենային անապահովության և մտավոր բարեկեցության միջև բարձր փոխկապակցվածությունը:
«Մենք բարձր ենք գնահատում այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի հետ գործակցելու հնարավորությունը՝ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը Հայաստանի տնային տնտեսությունների վրա» թեմայով այս կարևոր ուսումնասիրությունների հանրային ներկայացման շրջանակում: Պարզ է, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը և ԼՂ հակամարտությունը ծանր ազդեցություն են ունեցել հայ հասարակության և տնային տնտեսությունների վրա, և որ հատկապես տուժել են կանայք և երեխաները: ԵՄ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ միասնական ջանքերով կարգավորելու այս դժվարին իրավիճակը: Մենք ԵՄ աջակցության 2021 թ. հիմնական ֆինանսավորումը տրամադրում ենք Հայաստանին` օժանդակելու սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը և բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ (ՀԸԳՀ), այդ թվում՝ աջակցելով սոցիալական պաշտպանության և սոցիալական ներդրումների համակարգերի արդիականացմանը։ Մենք հույս ունենք, որ համագործակցելով կարող ենք ամրապնդել կառավարության և մասնավոր հատվածի դիմակայունությունը ճգնաժամային իրավիճակների նկատմամբ»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն:
Երեխաները համավարակի թաքնված զոհերն են, քանի որ կորոնավիրուսը նրանց վրա ևս անհամաչափ ազդեցություն է ունեցել: Համացանցի հասանելիությունը կարևոր ազդեցություն է ունեցել դպրոցահասակ երեխաների հեռավար ուսուցման արդյունքների վրա՝ նվազ հասանելիություն և ցածր մասնակցություն գրանցելով գյուղական վայրերում, հատկապես՝ Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում: Տնային տնտեսությունների տասնհինգ տոկոսը հետաձգել կամ հրաժարվել է պլանային պատվաստումներից համավարակի պատճառով:
Վերլուծությունները նաև մատնանշում են համապատասխան նախարարությունների ներդաշնակ համագործակցության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների պետական համակարգերը բարելավելու անհրաժեշտությունը՝ տուժած բնակչությանը թիրախավորելու և հայտնաբերելու համար, այդ թվում՝ երկրում աջակցությունն ավելի արդյունավետ բաշխելու և սոցիալական ապահովության ծառայությունները շոկային իրավիճակներին արձագանքող դարձնելու համար: