Ի՞նչ է իրենից ներկայացնում պետության ինքնիշխան տարածք: Այն է՝ պետության պետական սահմանի տրամագծի ներքո գտնվող ցամաքային, ջրային տարածքը, պետության սահմանի ներքո ընդգրկված օդային տարածքը և ընդերքը: Այդ մասին ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այդ տարածքը ամբողջությամբ և յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանում է ՀՀ բանակը: «Սա ասում եմ, քանի որ իմ ելույթը վերածվեց մանիպուլյատիվ ելույթի, կտրվեց կոնտեքստից, ասվեց, որ Վարդանյանն ասել է, որ ՀՀ-ն ամայի տարածք չի պաշտպանում: Այո՛, մեր բանակը պաշտպանում է մեր ժողովրդին: Ինչո՞ւ եմ ասել և դարձել քննարկման առարկա, քանի որ համարձակվեցի որոշ քաղաքական ուժերի անվանել 5-րդ շարասյուն»,- ասաց պատգամավորը:
Նա շարունակեց. «Դեռևս 14 տարեկանում ես ինձ խոստացել եմ, որ իմ ոտքը չի մտնելու Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող տարածք, հավատարիմ եմ իմ խոստմանը՝ ի տարբերություն որոշ քաղաքական ցուցակներում ընդգրկված որոշ «քաղաքական գործիչների», որոնք նոր են վերադարձել Անթալիայի լողափերից, կամ նրանց, որոնք չեն էլ ուզում վերադառնալ այնտեղից: Ես երբեք չեմ խոսել Հայոց ցեղասպանությունը վիճարկող պատմաբանների հանձնաժողովի մասին, երբեք հայ-թուրքական արձանագրություններ չեմ ստորագրել և երբեք չեմ դիտարկել դրանք որպես մեր երկրի համար լավագույն ճանապարհը: Ես ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանից չեմ վերացրել Արարատ լեռան պատկերը Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, ես երբեք իսլամական դավանաբանական վարկեր տրամադրող ընկերությունից վարկեր չեմ վերցրել, երբեք չեմ փոշիացրել վարկային միջոցները՝ բեռ ստեղծելով ապագա սերունդների համար»:
Վարդանյանը ցավում է, որ այսպիսի մանիպուլյատիվ եղանակներով են մոտենում նախընտրական քարոզարշավին: «Ցավում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամական ուժեր են հայտնվել, և մարդիկ կան, որոնք միավորվելու և միասին նրանց հեռացնելու փոխարեն ասում են՝ չէ՛, մենք կգանք, կդզենք, կանգնեք կողքներիս և դզեք, սա մեր բոլորի՝ ՀՀ բանակն է:
Եվ վերջում՝ ես հանգիստ կարող եմ զբոսնել Երևանով, կանգնել այս ամբիոնին: Կոչ եմ անում լինել կառուցողական, հարգել ՀՀ Սահմանադրությունը, քաղաքացուն, վերջ տալ ցանկացած տեսակի սաբոտաժներին, դիվերսիաներին, կենտրոնանալ ընտրական պայքարի վրա: Իսպանացիք կասեն՝ No pasarán!, չեմ թարգմանում՝ սկսեք գիրք կարդալ»,- ընդգծեց պատգամավորը: