Ո՞րն է գիտության դերը պետության անվտանգության ապահովման գործում: Պրոֆեսոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ գիտությունն առանցքային նշանակություն ունի երկրի անվտանգության համար, և պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը պարտվեց նաև տեխնոլոգիական պայքարում:
Հայկ Սարգսյան (ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն) - Հայաստանը առանց լուրջ ներդրումների այդ ոլորտում, առանց լուրջ ուշադրության գիտական ոլորտին և, համապատասխանաբար, այդտեղից դեպի կրթություն և հետո տեխնոլոգիաներ, մենք կունենանք լուրջ պրոբլեմներ, նախևառաջ՝ անվտանգային:
Գիտությունն առանց ներդրումների անհնար է: Տիգրան Շահվերդյանը աշխարհի փորձն է ի ցույց դնում՝ միայն երկարաժամկետ ներդրումների արդյունքում է ստեղծվում գյուտարար միջավայր: Տեխնոլոգիաները, ըստ բանախոսի՝ այսօր ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործոն են դարձել: Երկիրը, որտեղ գիտությամբ ու ժամանակակից տեխնոլոգիաներով կարողանում են զենք ստեղծել, արդեն ունի անվտանգության երաշխիք:
Տիգրան Շահվերդյան («Գիտուժ» նախաձեռնության անդամ) - Եթե ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը չստեղծվի, չպահպանվի, չզարգացվի, հնարավոր չէ համագործակցության կամ նորարարության մասին խոսել:
Խաչիկ Գևորգյանը պարադոքս է համարում՝ մարդիկ գնում են արտասահման սովորելու, գիտական բարենպաստ միջավայր գտնում ու որոշում մնալ: Իսկ վերադարձողները պայմանների բացակայության պայմաններում չեն կարողանում իրագործել իրենց գաղափարները:
Խաչիկ Գևորգյան («Գիտուժ» նախաձեռնության անդամ) - Սայենս մենեջմենթ, էդուքեյշն մենեջմենթ, էդուքեյշն սթադիս՝ մեր համալսարաններում գրեթե մեկում չկա էս ոլորտի մասնագիտացում, որևէ գիտահետազոտական կենտրոն չի զբաղվում գիտության հարցերով գիտության տեսանկյունից:
Մտահոգությունը օրինակով են արձանագրում: Անցած տարի համալսարաններից մեկի ֆիզիկայի ֆակուլտետ է դիմել ընդամենը մեկ դիմորդ, ընդունվել է 8.5 միավորով: Սա, ըստ մասնագետների, այն է, ինչը կպարտադրի պատասխանատուներին՝ կրթական հաստատություններում ստեղծել կիրառական և փորձարարական գիտությամբ զբաղվել ցանկացողների համար բարենպաստ միջավայր: