Առաջին դասարանցիների ընդունելությունը բոլոր պետական դպրոցներում այս տարի նորից կիրականացվի առցանց՝ hayt.emis.am համակարգի միջոցով. բացառություն կլինի, եթե դպրոցը բնակավայրի միակն է: Էլեկտրոնային հարթակը բաց կլինի հունիսի 1-ից:
Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ եթե երեխան տվյալ կրթօջախում ունի քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Հայտագրման ընթացքում խնդիրներից խուսափելու համար մինչև մայիսի 31-ը պարտադիր է stugum.emis.am կայքում ստուգել տվյալների համապատասխանությունը:
Արտակ Պողոսյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն - Այն ծնողը, որն ստուգում է արել, հանգիստ կգրանցի երեխային, իսկ այն ծնողը, որը չի ստուգել տվյալը, կկանգնի խնդրի առաջ: Ժամանակային առումով չի կարողանա գրանցել երեխային:
Հայտագրելու համար փաստաթղթեր հարկավոր չեն, միայն երեխայի և ծնողի հանրային ծառայությունների համարանիշերը, անուն, ազգանուն և հեռախոսահամար: Նախընտրած դպրոցն ու համայնքը նշելուց ու գործընթացը բարեհաջող անցնելու դեպքում համակարգը կտեղեկացնի, որ երեխան հայտագրվել է:
Արտակ Պողոսյան - Հայտագրելուց հետո դպրոց գնալը պարտադիր է: Եթե միայն ուղարկել եք, դա իրավական ուժ չունի:
Համակարգը նաև կհուշի, թե որ դպրոցում քանի ազատ տեղ կա: hayt.emis.am-ի միջոցով հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից:
Այս տարի դպրոց կհաճախեն 2015-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ծնվածները: Եթե երեխան ծնվել է 2016-ի հունվարի 1-ին, համակարգը թույլ չի տա գրանցել: Հարթակը բաց կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: