Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ՀՀ-ում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շուտ վերացնել տարանցման ոլորտում առկա խնդիրները և ավելացնել առևտրաշրջանառության մակարդակը, տեղեկացնում է Irna գործակալությունը:
Այդ նպատակով, ըստ նախարարի, որոշվել է վերացնել վերբեռնումը (TRANSHIPMENT), փոխադարձաբար պայմանների ստեղծմամբ ու տուրքերի վերացմամբ՝ երկու երկրների առևտրաշրջանառության համար տարանցիկ ուղիների օգտագործման, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցման համար գրավչություն ստեղծել: Էսլամին հայտնել է, որ տարանցման ոլորտում խնդիրների վերացման և առևտրաշրջանառության ավելացման վերաբերյալ նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Ըստ նախարարի՝ համաձայնություն է ձեռք բերվել նաև Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումների հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ իրանցի ներդրողների և մեծ ընկերությունների համար ստեղծվել են անհրաժեշտ պայմանները Հայաստան այցելելու և քննարկումներ ունենալու համար: Պաշտոնյան նաև հայտնել է, որ ենթակառուցվածքների ոլորտում, մասնավորապես՝ ճանապարհների և երկաթուղու ոլորտներում համագործակցության համար ևս քննարկումներ են ընթացել, կայացվել որոշումներ:
Էսլամին հույս է հայտնել, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները կաճեն՝ հասնելով 1 մլրդ դոլարի: «Համագործակցության ընդլայնմամբ և ներդրումների ծավալը 1 մլրդ դոլարի հասցնելով՝ Իրանը շատ արագ Հայաստանի առևտրային խոշոր գործընկերը կարող է դառնալ»,- նշել է Էսլամին: