Լիզա տատը պատմում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի երեկվա փոթորկի մասին: Նման ավերածություններ միայն ֆիլմերում էին տեսել:
Հակոբ Աբրահամյան (Ակունքի բնակիչ) - Որ էդ ամպերն եկել են, գոյացում է տեղի ունեցել ու իջել է ներքև քաշող տոռնադոն: Նկատել ենք, որ արդեն շիֆեր ա պոկում, բարձրանում է վերև: Ու արդեն սկսել ա մտնել, մեքենաներ շուռ տալ, տանիքներ պոկել: Ժողովրդի բախտները բերել է, որ կարկուտի պատճառով փախել, մտել են տները, եթե չմտնեին, մահացու դեպքեր էլ կլինեին:
Քամին արմատախիլ է արել Իգոր Թևանյանի այգու 60 տարեկան ընկուզենին, հսկա ծառը վնասել է նաև հարակից շինությունները: Ընդհանուր առմամբ, գյուղում շուրջ 240 նման ծառ է կողաշրջվել՝ վնասելով էլեկտրալարերն ու գազատարը:
Իգոր Թևոսյան (Ակունքի բնակիչ) - Տեսեք՝ էս գոմի պատն ա ճաքացրել, հոսանքի լարերն են պոկվել:
Հարևան տան այգուց էլ անհետացել են հավերը: Թե քամին որ ուղղությամբ է տարել՝ հայտնի չէ: Մեղվի փեթակներն էլ են վնասվել, դեռ չեն հաշվել՝ զբաղված են տունն ու այգին կարգի բերելով:
Լիանա Գասպարյան (Ակունքի բնակիչ) - Հեսա, տեսեք՝ լոբին ցանած, ուրախացել էինք, որ մենք պետք է հեսա բերք ունենայինք, սածիլներս էլ գոյություն չունի, էնտեղ մեր համար ույուտ էինք ստեղծել, դա էլ երևի գոյություն չունի:
Ընդհանուր առմամբ, համայնքում փոթորիկը 800 մետր պարիսպ է քանդել, քարերը գետնին հավասարեցրել:
Գևորգ Հարությունյան (Ակունքի բնակիչ) - Էս հսկա պատը, որ մի հոգով սկի քարը չէինք կարում բարձրացնեինք, տեսեք ինչ օրն ա քցել, Էն կողմը լրիվ փլել է:
Հակոբ Աբրահամյանի տանիքի մի մասը բակում է հայտնվել, մյուսը քամին տարել է անհայտ ուղղությամբ:
Հակոբ Աբրահամյան (Ակունքի բնակիչ) - Մեր տան տանիքը պոկել է: 250 քառակուսի մետր: 200 քառակուսուց ավել գոմի տանիքն է: Մի քանի ծառ ա արմատախիլ արել: Այգին է լրիվ արմատախիլ արել: Պիտի հանեմ, փռթեմ, գցեմ, ահավոր վիճակ:
Ակունքում շուրջ 3700 քառակուսի մետր տարածքով չորս ջերմոց է ավերվել: Վնասվել է ոչ միայն բերքը, այլև՝ ամբողջ ենթակառուցվածքը:
Արման Միքայելյան (Ակունք համայնքի վարչական ղեկավարի տեղակալ) - էս տարածքում 3600 մետր քառակուսի մակերեսով ջերմոցներ են: 1300 քառակուսի մետրը ծաղիկի ջերմոց է, 1000 քմ խխունջներ են, ևս 1000 քմ վարունգի ջերմոցներ են:
Խխունջները պետք է արտահանեին, իսկ ծաղիկներն ու վարունգը ներքին շուկայի համար էին: 15 տարվա աշխատանքը 5 րոպեում հոդս է ցնդել: Մարզպետարանից եկել, ուսումնասիրել ու վնասներն են հաշվել, որ հնարավորինս շուտ գյուղացիները փոխհատուցում ստանան:
Տարոն Գևորգյան (Կոտայքի մարզի քաղաքաշինության վարչության պետ) - Տնտեսությանն է վնաս հասցվել, 40 տան տանիք է վնասվել: Կան տանիքներ, որ մասնակի են վնասվել, կան տանիքներ՝ ամբողջությամբ: Հիմա համայնքային հանձնաժողովը մեզ հետ միասին ուսումնասիրում է, բոլոր նկարները կանեն:
Մարզպետարանը ուսումնասիրությունից հետո փաթեթը կուղարկի Կառավարություն, որ փոխհատուցումը չուշանա: