Վարդանյանների բազմազավակ ընտանիքից լսվող աղմուկը միայն մշակութային է լինում: Ասում են՝ եթե տուն չմտնեիք, երբեք չէիք իմանա, որ տանը տասը երեխա է մեծացել: Հաշտ ու համերաշխ են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ իրենց խնդիրների հետ: «Կա խնդիր՝ լուծումն էլ կգտնվի» բանաձևով են ապրում:
Ծաղիկ Վարդանյան (բազմազավակ մայր) - Սա տղաների ննջարանն է, ունենք 6 տղա, 4 աղջիկ, աղջիկներից երկուսը ամուսնացել են: 4 տղաները էստեղ են քնում, էստեղ աղջիկների ննջարանն ա: 2 աղջիկները տատիկի հետ էստեղ են քնում:
Ամուսինները ամբողջ կյանքում այդպես էլ ննջասենյակ չունեցան: Ճաշասենյակում են քնում: Այս պահին ճաշասենյակը կիսում են երկու որդիների հետ:
Եթե ամուսնացած դուստրերն ու թոռներն էլ հյուր են գալիս, բետոնե հատակն է դառնում մահճակալ, ի՞նչ է պատահել: Կարևորը մարդու սիրտն է, որ այնքան մեծ է, բոլորի համար սեր ու ջերմություն ունեն: Թե քանի հոգով են այս պահին ապրում ընտանիքում, տիկին Ծաղիկը միանգամից չկարողացավ պատասխանել:
51 տարեկանում տիկին Ծաղիկը հասցրել է 15 ծննդաբերություն ունենալ: Երեխաներից 5-ը մահացել են, 10-ը՝ ողջ են ու առողջ: Ամենաավագը՝ 30, ամենակրտսերը՝ 13 տարեկան է: Մեկը բժշկուհի է, մյուսը շուտով բուժքույր կդառնա, ոմանք արհեստի հետ սեր ունեն, մյուսներն՝ արվեստի: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ են ընտանիք կազմել Վարդանյանները: Տասը երեխա ունենալը նրանց պատասխանն է թշնամուն, մեր պարտքը՝ հայրենիքին:
Ծաղիկ Վարդանյան - Ասում էի՝ էդքան կորուստ ունենք, պետք ա տեղը լրացնենք ու, չնայելով դժվարություններին, այո՛, հերոս մայրեր ունենք, որ 90-ականներին կանգնել են ազգի կողքին՝ որդեծնությամբ: Եթե էն ժամանակ տարիները մութ էին, դժվար ա, հաց չկա, էսօր մենք բանակ չէինք ունենա:
Ասում է՝ որքան կուզեմ մարդիկ չվախենան շատ երեխաներ ունենալ: Շքեղ կյանքով ապրելու մասին մտածելն անգամ շքեղություն է եղել իրենց համար: Հիմա էլ այդպես է, բայց եթե առողջությունս ներեր, ասում է, մեծ սիրով էլի կմայրանայի: Նայած թե՝ շքեղությունն ու երջանկությունը ում համար ինչն է: Վարդանյանների ընտանիքը Հայաստանի Ծնողական փառքի մեդալակիրներից մեկն է: 2014 թվականից սկսած 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները Հայաստանում պարգևատրվում են Ծնողական փառքի մեդալով:
Արտակ Մարկոսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Այն ծնողները, որոնք ծնում և դաստիարակում են իրենց երեխաներին, ապահովում, բայց այդ Փառքի մեդալը չէր պարունակում որևէ ֆինանսական գործոն, այդ պատճառով 2019-ին առաջարկ եղավ, որպեսզի 2019 թվականից հետո պարգևատրված ծնողները ստանան ամենամսյա պատվովճար:
Օրենքի նախագիծն այս պահին հանրային քննարկման է ներկայացված: 2019-ից հետո մեր երկրում այդպիսի մեդալ է ստացել 9 ընտանիք:
Արտակ Մարկոսյան - Այն ժամանակ 40 հազար դրամ էր առաջարկվել: Ներկայումս առաջարկ եղավ այդ գումարը դարձնել 100 հազար դրամ: Կարծում ենք՝ 2021 թվականի հուլիսի այդ վճարները կսկսեն ստանալ:
Եթե նախագիծը Կառավարությունը հաստատի, այդ 9 ընտանիքները և նրանք, ովքեր հետագայում կպարգևատրվեն Ծնողական փառքի մեդալով, անկախ երեխաների տարիքից, ցմահ կստանան ամենամսյա պատվովճար: Ի դեպ՝ Ծնողական փառքի մեդալ են ստանում ոչ միայն կենսաբանական ծնողները, այլև որդեգիրները, բայց նվազագույնը 6 երեխաներից ամենակրտսերի տարիքը պետք է գոնե 3 տարեկան լինի: