Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի հանդիպումը ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նայիդա Շամիլովայի հետ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմվելիք Համատեղ վերահսկման ստորաբաժանման կարողությունների զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթացների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրման ժամկետների հստակեցման հետ կապված հարցերին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված գործընթացներն ավարտին հասցնելու ուղղությամբ: