Belsat-ը հայտնել է, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել հերթական միջադեպը: Գերմանական Lufthansa ավիաընկերության օդանավից ուղևորներին իջեցրել են՝ ուղեբեռները վերստուգելու պատճառաբանությամբ: Ինքնաթիռը պետք է թռչեր Ֆրանկֆուրտ:
Մինսկի օդանավակայանից հայտնել են՝ ուղևորներին իջեցնելու պատճառը ահաբեկչության վտանգն էր: Հայտարարության համաձայն՝ անհայտ անձինք հաղորդագրություն են ուղարկել օդանավակայանի էլեկտրոնային փոստին, որում նշվել է, որ ահաբեկչություն է պատրաստվում Lufthanza-ի LH1487 չվերթի նկատմամբ:
Երկրորդ միջադեպը հետևել է առաջինին, երբ Աթենքից Վիլնյուս թռչող օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում՝ ընդդիմադիր լրագրող Պրոտասևիչին ձերբակալելու համար:
Դեպքից հետո եվրոպական տարբեր կառույցներից ու պետություններից հնչել են առաջարկներ՝ չեղարկել բոլոր թռիչքները Բելառուսի օդային տարածքում և այդ երկրի դեմ կիրառել պատժամիջոցների չորրորդ փաթեթը: