Վերջին դեպքը հստակ փորձ է Հայաստանում ձևավորելու որոշակի վերաբերմունք Իրանի նկատմամբ, կարծում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ հիշատակելով հայկական լրատվական տիրույթում հայտնված կեղծ լուրը, ըստ որի՝ Իրանում 160 հայ զինվորական է գտնվում:
Արմեն Պետրոսյան (տարածաշրջանային հարցերով փորձագետ) - Մենք խոսք ունենք մարդկային կյանքերի մասին: Ռազմագերիների հարցը ներկայիս օրակարգի թիվ մեկ հարցն է: Երբ դրա հետ կապվում է մեզ բարեկամական երկրի քաղաքականություն, սա միանշանակ իր բացասական հետևանքներն է ունենալու Հայաստանի ներսում:
Դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություն էր շրջանառվում հայ զինվորականների՝ Իրանի սահմանը հատելու մասին: Դրանք մշտապես հերքվել են: 2 օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրեց, մյուսներն արագորեն արտատպեցին, թե Իրանում մեր զինծառայողներ կան: Կեղծ տեղեկությունը ստիպված եղավ հերքել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այնուհետև արձագանքեց մեր երկրում Իրանի դեսպանությունը:
«Դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:
Հատկանշական է, որ օրեր առաջ շրջանառվում էր Իրանի հետ կապված ևս մեկ չհաստատված տեղեկություն, թե իբր Հայաստան են ժամանել իրանցի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ:
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի պետական սահմանների շուրջ լարվածության և հետպատերազմական ժամանակահատվածում ձևավորվող նոր իրողությունների ֆոնին: Պետրոսյանը սա ազգային անվտանգության խնդիր է համարում:
Արմեն Պետրոսյան - Մանավանդ երբ որ նման տեղեկություն է շրջանառվում Հայաստան մի շարք իրանցի պաշտոնյաների այցի նախաշեմին, հենց այս համատեքստում պետք է դիտարկել, թե ինչպիսի խնդրահարույց է:
Պատերազմից հետո տեղեկատվական հոսքերը դեպի Հայաստան հաճախ Ադրբեջանից են գալիս: Այժմ դրանք ավելի հեշտ են ճեղքում ինֆորմացիոն պատնեշը և ներազդում հասարակական կարծիքի վրա, նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - 2 օրից Հայաստանում կլինի Իրանի արտաքին գործերի նախարարը, մինչև այդ նա կլինի Բաքվում. սա հաստատված տեղեկություն է: Երևան այցի օրակարգից միայն հայտնի է, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆի երևանյան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են նախատեսված: