Սյունիքում Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական կողմը ոչ մի մետր առաջ չի եկել: Համայնքի ղեկավարը սադրանք է համարում, թե կրակոցներ են եղել, գյուղացիներն էլ դաշտեր չեն գնում: Մարատ Պետրոսյանը խորհուրդ է տալիս քարտեզին նայել և պարզ կլինի՝ Սև լճից Իշխանասար հեռավորությունը մոտ 50 կմ է, վերջին օրերին ոչ մի շարժ չի եղել:
Մարատ Պետրոսյան (Իշխանասարի վարչական ղեկավար) - Չէ՛, չէ՛, մեր տերիտորիա ոչ, մեր Իշխանասար գյուղի տերիտորիա` ոչ:
Սյունիքում վերջին երկու օրերին իրադրությունը չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Ադրբեջանցիները Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ են, նրանց մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Սյունիքի Սև լճի մոտ հազարից ավելի ադրբեջանցի զինվորական լինելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ - Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին:
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք, ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Սահմանային իրավիճակի հարցերով բանակցությունները դեռ շարունակվում են: Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրեց՝ մարզում իրադրությունը հանգիստ է, ո՛չ Վերին Շորժայում, ո՛չ Կութում ադրբեջանական կողմը առաջ չի եկել, նույն դիրքերում կանգնած են:
Գնել Սանոսյան (ՀՀ Գեղարքունիքի մարզպետ) - Ունենք որոշ հատվածներում հակառակորդի կողմից ուժերի նոսրացման պրոցես, մի շարք տեղերից որոշակի ուժեր հանում են և դեպի հետ՝ իրենց կողմ են տանում:
Գեղամասար համայնքում անցնող շաբաթ ևս միջադեպեր չեն եղել: Ադրբեջանական կողմից ոչ մի շարժ չեն նկատել: Համայնքի ղեկավարը հեռախոսով տեղեկացրեց՝ ճիշտ է, որոշ վայրերից հենակետերը երևում են, բայց գյուղացիները հանգիստ աշխատում են դաշտերում:
Հակոբ Ավետյան (Գեղամասար համայնքի ղեկավար) - Նույն դիրքում էլ մնում են, առաջխաղացում չկա, լարվածություն չկա, կոնկրետ սահմանին ոչ մի միջադեպեր չենք ունեցել, նորմալ ա, կարևորը՝ խուճապ չունենք:
Հակոբ Ավետյանը տեղեկացրեց, որ վերջին երեք օրում համայնքի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական հենակետերը նույն դիրքերում են, բայց հակառակորդի զորքի ավելացում չի եղել, հակառակը՝ քչանում են: