«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը։
Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, և հայ պատանիները «Ներկառուցված համակարգեր» անվանակարգում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Փառատոնին ներկայացված նախագծերը 35-ն էին:
Հիշեցնենք, որ ISEF Regeneron փառատոնին մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած երկու հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի «պատանի գիտնականները»:
ISEF Regeneron փառատոնին 118 ավագ դպրոցի աշակերտներ Աննա Թորոսյանը, Անի Գեղամյանը և Աննա Ղազարյանը ևս հաջողությամբ ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը:
Տեղեկացնենք, որ հայկական համադպրոցական գիտության փառատոնը միջազգային գիտատեխնիկական փառատոնին անդամակցում է 2019 թվականից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով Հայաստանում անհնար է դարձել փառատոնի իրականացումը: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին: