Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Առայժմ հայտնի չէ, եթե նման գործընթաց սկսվի, քարտեզագրական փաստերը հիմք ընդունվելո՞ւ են, թե՞ ոչ, բայց եթե պատկերացնենք, որ ընդունվելու են, ի՞նչ զարգացումներ կարող են լինել: Փորձագետի գնահատմամբ՝ ցանկացած քարտեզով Ադրբեջանը պետք է ավելի շատ տարածքներ վերադարձնի Հայաստանին, քան պահանջի: Ինչպե՞ս են տարբեր շրջաներում վերաձևել հայ-ադրբեջանական սահմանը և ի՞նչ է արդյունքում ստացվել: Ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է:
Էկրանին 1928-ի խորհրդային քարտեզն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Տարոն Հովհաննիսյան, փորձագետ - Տեսնում ենք, որ այս հատվածում, ինչը սովոր ենք տեսնել ներկա քարտեզներում, Տիգրանաշենը կլորի մեջ վերցված՝ որպես ադրբեջանական անկլավ, չկա, գոյություն չունի: Նույնը նաև Տավուշում՝ Բարխուդարլու, Սոֆուլու և Վերին Ոսկեպար կոչված անկլավները:
Խորհրդային Հայաստանից տարածքներ, Հովհաննիսյանի խոսքով, ավելի ուշ՝ Միութենական սահմանազատումների արդյունքում անցան Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանին՝ հաշվի չառնելով Հայաստանի կարծիքը:
Տարոն Հովհաննիսյան - Չնայած բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, թե ինչու պետք է անցնեն Ադրբեջանին: Հիշենք՝ արդեն Արցախը տվել էին, Գետաշենը, Շահումյանը, դրանից բացի, փաստացի, տրվում էին այլ տարածքներ:
Իրավիճակը փոխվեց 90-ականների պատերազմից հետո՝ Տավուշում գտնվող անկլավները մնացին հայկական վերահսկողության տակ, իսկ Արծվաշենը մնաց Ադրբեջանում:
Տարոն Հովհաննիսյան - Այս քարտեզում արդեն Արծվաշենը ներկայացված է որպես անկլավ:
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը քարտեզով և իրականում: Ներկայում հայ-ադրբեջանական սահմանները, փորձագետի դիտարկմամբ, Googl-ի քարտեզով անցնում են Խորհրդային Միության գլխավոր շտաբի՝ 70-ականների սահմանագծմամբ, բայց դրանք շատ դեպքերում չեն համապատասխանում իրական պատկերին կամ զորքերի շփման գծին: Այստեղ լուրջ շեղումներ կան: Տարբեր հատվածներում ադրբեջանական դիրքերը Հայաստանի տարածքում են:
Տարոն Հովհաննիսյան - Սա Բերքաբեր գյուղն է, սա ադրբեջանական գյուղը, եթե նայում ենք այս հատվածով, ջրամբարի մեծ մասը մեր տարածքում է, բայց արդյո՞ք սա մեր վերահսկողության տակ է՝ ոչ:
Նույնն է պատկերը նաև սահմանապահ Պառավաքարի դեպքում: Սահմանագիծն անցնում է ադրբեջանական Թաթլու գյուղի միջով, բայց այդ տարածքը մեր վերահսկողության տակ չէ:
Տարոն Հովհաննիսյան - Ստացվում է, որ իրենք պետք է այս տները տան մեզ: Ավելին՝ մենք պետք է գնանք, նստենք իրենց պետական սահմանապահ զորամասի դիմաց:
Տարոն Հովհանիսյանի խոսքով՝ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը գնան սահմանագծման, սահմանազատման ճանապարհով, ապա նույնիսկ վատագույն դեպքում՝ 70-ականների քարտեզներով, Ադրբեջանը շատ ավելի մեծ տարածքներ պետք է վերադարձնի, քան այն անկլավներն են, որ կան Տավուշում:
Տարոն Հովհաննիսյան - բայց կա միջազգային պրակտիկա, որ տարածքների փոխանակում է լինում. դու պահում ես այն, ինչ ունես ու հրաժարվում ես քարտեզի տարածքից:
Միևնույն ժամանակ՝ պետք է արձանագրել, որ ներպետական օրենսդրությամբ անկլավները Հայաստանի տարածք են, և դրանց փոխանցումն այլ պետության կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով: