Երեկվա կայծակից ոչ միայն երկրի գլխավոր օդերևութաբանն էր զարմացել, այլև՝ Արմավիրի հողագործները։ Որոշ հատվածներում վայրկյանում մինչև 25 մետր արագությամբ քամին, այնուհետև 30 րոպե տեղացած ինտենսիվ կարկուտը հողին են հավասարեցրել Արմավիրի Ապագա համայնքի հողագործների մշակաբույսերը։ Բերքն արդեն շուկայում էին վաճառում, ասում են հողագործները։
Սերոբ Հարությունյան (ֆերմեր) - Չի վերականգնվի։ Չէ՛, ինչը վերականգնվի, ամբողջը ցողունից սկսած ջարդել ա արդեն։ Ինքը չի կարա վերականգնվի։
Կարկուտն այնքան խիտ ու ինտենսիվ է եղել, որ բերքին բազմակի հարվածներ է հասցրել, ասում են հողագործները։ Վնասվել են նաև ջերմոցներն ու բերքատու մշակաբույսերը, որոշ համայնքներում՝ խաղողի այգիները։
Նշան Նալբանդյան (ֆերմեր) - Սրա վրի խաղաղողի 30 տոկոսը հեչ ա եղել արդեն։ Նայի՝ ահա, սա խաղող չի արդեն:
Արմավիրի մարզպետարանի գյուղվարչությունից տեղեկացրին՝ մարզում 19 գյուղ է տուժել։ Համայնքային հանձնաժողովներն այժմ հաշվում են հողագործների վնասը։ Նմանատիպ պատկերը նաև Երևանի որոշ վարչական շրջաններում կարելի է տեսնել։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ ժամը 17-ից ահազանգեր է ստացել։ Գրանցվել է 56 ահազանգ, որոնցից 16-ը՝ մարզերից։
Արթուր Վարդանյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի բաժնի հրահանգիչ) - Հիմնականում դեպքերը կապված են եղել կառուցատարրերի, ծառերի անկման հետ կապված, ճյուղերի, ինչի արդյունքում դրանք ընկել են ավտոմեքենաների վրա, վնասել ավտոմեքենաները։
Քամու ամենաբարձր արագությունը գրանցվել է Աշտարակում, բայց վնասներ հիմնականում գրանցվել են Արմավիրի գյուղերում։ Երևանում 6 տրանսպորտային միջոց է վնասվել։ Մարզերում գրանցված 16 դեպքը ևս քամուց վնասված տանիքներն ու ընկած ծառերն են։