Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:
Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված է 650 քաղաքացի։ Ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:
ԿԸՀ-ն կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին տալու վերաբերյալ: