Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Բելառուսում ծայրահեղական ճանաչված լրատվամիջոցի նախկին ղեկավարը բերման է ենթարկվել Աթենքից Վիլնյուս թռչող օդանավից, որը Մինսկում «ականապատման» ահազանգից հետո արտակարգ վայրէջք էր կատարել: Եվրամիությունը և ԱՄՆ-ը պահանջել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտահերթ նիստ հրավիրել, կոչ արել մյուս երկրներին հրաժարվել Բելառուսի տարածքով օդային թռիչքներից: Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերն ակտիվ լուսաբանած Ռոման Պրոտասևիչի նկատմամբ ամիսներ առաջ Բելառուսում հետախուզում էր հայտարարվել։
Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու Աթենքի կոչին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, հայտարարել՝ Հունաստանը ևս խեղաթյուրում է պատմական փաստերը: Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք ժողովուրդը ամաչելու պատճառ չունի, և իրենց պատմության մեջ որևէ ցեղասպանություն չի եղել։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը և Հունաստանը հանդես են գալիս Անկարային ուղղված պահանջներով, սակայն դրանք հակասում են պատմական փաստերին։ Պոնտոսի հույների ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 1916-1923 թվականներին. տարբեր գնահատականներով՝ սպանվել է ավելի քան 350 հազար մարդ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է: Հրադադարից ժամեր անց սկսվել են վերականգնողական աշխատանքները Գազայի հատվածում: Մայիսի 21-ին Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար էր կնքվել 11 օր շարունակվող իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմում:
Իտալիայում ճոպանուղու վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել: Ալպերում գտնվող այդ ճոպանուղին միացնում է Լագո Մաջորե լճի ափն ու Մոնտերոնե լեռը։ Փրկվածները երկու մանկահասակ երեխաներ են, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հայտնի է, որ սա ճոպանուղու առաջին երթուղին էր հակահամաճարակային սահմանափակումները չեղյալ հայտարարելուց հետո։