Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների Իջևանի մասնաճյուղի մարտին գործարքների թիվը կազմել է 1608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1379, դիմած քաղաքացիներինը՝ 1143. տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Կհիշեք, որ այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ բացեցինք Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, որտեղ այցելելով տավուշեցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Դրանք են՝
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
Ազգային արխիվի,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության,
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և
ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայությունները։
Խոստումնալից վիճակագրություն ունենք այս առումով․ մարտին գործարքների թիվը կազմել է 1608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1379, դիմած քաղաքացիներինը՝ 1143։ Այս վիճակագրության մեջ ուրախացնող է այն փաստը, որ գործարքների թիվը գերազանցում է դիմած քաղաքացիների թվին, ինչը նշանակում է, որ մի քանի պետական մարմինների ծառայություններից օգտվելու համար քաղաքացին ստիպված չի եղել այցելել տարբեր հասցեներում գտնվող կառույցներ։
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ կբացվեն բոլոր մարզերում»,- տեղեկացրել է նա։