2021 թվականի մայիսի17-23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը:
Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել են չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ տրանսպորտում, մեկը՝ վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում: Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն:
Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով շաբաթվա ընթացքում գրանցվել է 45 կանչ:
ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo trust ոչ կառավարական կազմակերպության ջոկատների հետ ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:
Մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը: Ծառայության 911 ահազանգման կենտրոնում օձի հայտնաբերման 7 դեպք է արձանագրվել:
Ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման դռան կամ վերելակի բացման, ինչպես նաև այլ տեխնիկական ու կենցաղային օգնության նպատակով քաղաքացիների կողմից գրանցվել է 41 կանչ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Շրջանային ԱԻ բաժնի փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: