Արտակը պատվերը ստանալուն պես ճանապարհ է ընկնում: Ուղևորներին սպասեցնել չի սիրում: Ամիսներ առաջ է տեղեկացել, որ հայաստանյան տաքսի ծառայություններից մեկը աշխատանքի է ընդունում նաև լսողության խնդիրներ ունեցող վարորդների: Արդեն երկու ամիս է՝ աշխատում է:
Արտակ Հակոբյան (տաքսու վարորդ) - Նորություն էր ինձ համար տաքսի ծառայությունում աշխատելը: Իմանալով, որ լսողության խնդիրներ ունեցող վարորդները կարող են աշխատանքի անցնել, դիմեցի և ընդունվեցի:
Ասում է՝ ինքն ու ուղևորները, անկախ լսողության խնդիրներից, միմյանց լավ են հասկանում: Վարելիս էլ դժվարությունների չի հանդիպում, մարդիկ շատ ջերմ են ընդունում: Իսկ որպես վարորդ փորձառու է՝ մոտ 13 տարվա փորձով:
Արտակ Հակոբյան - Հաճելի է աշխատելը, նորմալ շփվում ենք, պատվիրատուին ջերմ ընդունում ու ճանապարհում եմ: Տեսնում եմ ճանապարհը, քարտեզը, ու այդպես գնում ենք:
Արման Ղազարյանն էլ վերջին օրերին է աշխատանք գտել: Ասում է՝ հոգնել էր արտերկրում ֆիզիկական աշխատանքից: Ուրախ է, որ սիրելի զբաղմունքը նաև իր աշխատանքն է դարձել:
Արման Ղազարյան (տաքսու վարորդ) - Կարծում եմ՝ լավ վարորդ եմ: Չեմ նեղվում, որ խուլ եմ ու կաշկանդվեմ: Ես ազատ եմ:
Լսողության խնդիրներ ունեցող վարորդների աշխատանքի ընդունելը գուցե նորություն է Հայատանում, բայց տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում՝ նշում են կազմակերպությունում: Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հաջողված փորձից ոգևորված՝ որոշել են այն կիրառել նաև Հայաստանում:
Հարություն Աղանյան (տաքսի ծառայության վարորդների սպասարկման մասնագետ) - Մենք ծրագիրը մշակել ենք այնպես, որ վարորդը հասկանա, որ իրան պատվեր է գալիս: Սովորական վարորդի համար ձայնային ազդանշան է գալիս: Իսկ վատ լսող վարորդի համար վիբրացիա է գալիս, վարորդը պատվերն ընդունում է: Զուգահեռ՝ պատվիրատուին գնում է ինֆորմացիա, որ ձեզ մոտենալու է վատ լսողություն ունեցող վարորդ:
Պատվիրատուն ու վարորդը ազատ են իրենց գործողություններում, կարող են հրաժարվել պատվերից: Իսկ ճանապարհին մտափոխվելու դեպքում պատվիրատուն կարող է ծրագրում վերջնակետը փոխել, միջնակետ ավելացնել կամ էլ վարորդի հետ շփվել հավելվածի չաթի միջոցով:
Հարություն Աղանյան - Հետագայում նախաձեռնություն ունենք քարտեր սարքելու, որտեղ ինֆորմացիաներ են գրված լինելու, որը պատվիրատուն կարող է փոխանցել վարորդին:
Լսողության խնդիրներ ունեցողներ շատ մարդիկ կան, որոնք դիմել են վարորդի աշխատանքի համար, բայց մեքենայի խնդիր ունեն: Հարցի լուծման դեպքում նրանք էլ աշխատանք կունենան: