Ընտրական աժիոտաժն սկսվել է: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցողներն այս օրերին անհրաժեշտ փաստաթղթեր են հավաքում: Նրանք պետք է շտապեն, քիչ ժամանակ է մնացել անձնագրային բաժանմունքեր դիմելու, ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտական բնակության մասին տեղեկանք ստանալու և ԿԸՀ ներկայացնելու համար: «Լուրերի» նկարահանող խումբն այսօր շրջել է անձնագրային բաժանմունքներում, զրուցել քաղաքական տարբեր բեևռներ ներկայացնող պատգամավորի պոտենցիալ թեկնածուների հետ:
Ստացողը՝ պատգամավորի թեկնածու է. հենց այս փաստաթուղթն է պարտադիր ԿԸՀ-ում գրանցվելիս: Վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու ու երկրում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հետևից է անձնագրային եկել նաև 1991 թվականից սկսած բոլոր ընտրություններին մասնակցող, տեխնիկական գիտությունների դոկտոր տիկին Զիզան:
Զիզա Բաբայան, տեխնիկական գիտությունների դոկտոր - Ես ներկայացնում եմ ՀԿԿ-ն՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Այո՛, կուսակցությունը մասնակցում է, բա ես ինչո՞ւ եմ այստեղ: Մենք միշտ մասնակցում ենք:
Ռուսական կողմնորոշմանը դեմ է, արևմտյանին՝ կողմ Հայաստանի Եվրոպական կուսակցության երիտասարդ ներկայացուցիչը: Նարինեն բարձրագույն կրթություն չունի, աշխատում է քիմմաքրման կետում՝ որպես մենեջեր:
Նարինե Ղուկասյան - Անկեղծ ասած՝ քրոջս ամուսինն է այդ կուսակցության մեջ, կիսում եմ իրենց տեսակետները, Կողմ եմ Եվրոպային միանալուն:
Հույս ունեմ՝ կանցնեմ՝ ասում է Արման Բաբաջանյանի և Լևոն Շիրինյանի հիմնած «Ժողովրդավարների դաշինքով» առաջադրված Սեդրակ Բաղդասարյանը: Մտադիր է լրացնել Հարկային օրենսգիրքը, բայց Ազգային ժողովում հայտնվի՝ նախ շտկելու է Երևանի կենտրոնի կառուցապատման ժամանակ տնից զրկված իր և բախտակիցների հարցը:
Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ - Այսօր չարաբաստիկ օրենք կա. բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ մարդկանց տները ձեռքներից խլում են: Ուզում ենք օրենքի մեջ փոփոխություն անել, քանի որ դա չի բխում ՀՀ քաղաքացու շահերից:
Անձնագրայինի միայն այս բաժանմունքում պատգամավոր դառնալ ցանկացողներից օրը մինչև 40 դիմում են ընդունում: Տվյալները ճշտում, տեղեկանքները պատրաստում են, սպասում՝ գան, վերցնեն:
Անահիտ Խտշյան, Անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական բաժանմունքի առաջին կարգի մասնագետ - Հայտնի դեմքեր շատ ունենք՝ Արամ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Տիգրան Խզմալյան... Որոշները տեղեկանքները վերցրել են, որոշները սպասում են:
Քանի դեռ վստահ չէ, մանդատ կստանա, առաջին հարցազրույցից հրաժարվում է: Տեղեկանքը վերցրեց, բայց թե քաղաքական որ ուժի՝ կուսակցություն-դաշինքի ցուցակով է խորհրդարան ուզում գնալ, գաղտնի պահեց այս թեկնածուն:
Տեղեկանքը չեն տալիս, երբ անձն ունի Հայաստանից բացի այլ պետության քաղաքացիություն կամ 4 տարում 731 և ավելի օր երկրում չի եղել: Այդ հիմքերով մինչև հիմա մերժել են երկու տասնյակից ավելի դիմում: Կրկնակի դիմել կարող են միայն այն քաղաքացիները, որոնք կներկայացնեն բացակայության պատճառը՝ գործուղման թերթիկ կամ արտասահմանում ԲՈՒՀ սովորելու վկայական՝ պարզաբանում է անձնագրայինի պետը:
Արա Մկրտչյան, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ - Պետք է շտապեն, քանի որ վերջնաժամկետը մայիսի 26-ն է՝ ժամը 18.00-ն:
Մնաց երկու օր: Պատգամավոր դառնալ ցանկացողներին Մկրտչյանը հորդորում է գործը վերջին պահին չթողնել. բազայում ճշտումների հարց է լինում: