Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):
Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:
Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը:
ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ: